Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության կողմից տարածված հայտարարությունը, որը փորձ է արվում օգտագործել որպես արդարացում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ակտի համար։
Մեր ուշադրությունը հատկապես գրավել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը, որը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը, անկախ դրա ձևակերպումից, չի կարող ընդունվել որպես օրինական կամ արդարացված գործողություն։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիների «ապօրինի շինություն» որակելը և այդ պատճառաբանությամբ դրանք հողին հավասարեցնելը բացահայտ ոտնահարում է միջազգային կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքների և հանդիսանում է մշակութային եղեռնագործության դրսևորում։
Միևնույն ժամանակ, Կովկասի մուսուլմանների վարչության կողմից Հայոց Եկեղեցուն ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ, բացահայտորեն անհիմն է և ստահոդ։ Խաղաղության խոչընդոտը կազմում են պատմական ճշմարտության կեղծումը, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարումը, Արցախի հայկական ժառանգության յուրացումը և հայկական հետքի հետևողական վերացման քաղաքականությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին՝ գործուն քայլեր ձեռնարկելու համար՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականությունը, որի նպատակն է հայկական մշակույթի և հոգևոր արժեքների ոչնչացումը։