Այսօրվա Հայաստանում ընտրում են վախի, հոգնածության և չպայքարելու տարբերակը։ Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը։ Նա այսօրվա հայ հասարակության հայելին է, վախերի մեջ ապրող, ապագայի հանդեպ անօրոշ մտամոլորության մեջ գտնվող հասարակության բնազդների տիրակալը։
Վախեցած և նվաստացած հասարակությունը չի ընտրում լավագույնին, այլ՝ ամենաբարձր գոռացողին։ Ստի, արժանապատվության կորստի, պայքարող հնազանդության ու անօրինականության խորհրդանիշն է՝ վախ աղքատությունից, անարդարությունից, պատերազմից, հերթական նվաստացումից։ Նիկոլը ցույց է տալիս, թե ովքեր են մեղավորները՝ նախկին թալանչիները, սովետական հայրենասիրության մոդելը, հարևաններին գրգռող Արարատը, կուսությունը խախտած կուսակրոնները, ԿԳԲ-ն, ռուսները, մի խոսքով մատնաշում է մեղավորներին և առաջարկում համակերպվել իր ստեղծած իրականությանը։
Մեր նվաստացումների մեջ մենք չենք մեղավոր, այլ ուրիշները՝ թուլամորթի հոգեբանության ինքնաարդարացում։ Նրա հերոսը գերի հանձնված զինվորն է, իսկ մահը գերությանը նախապատվություն տվողը հերոս չէ, այլ արկածախնդիր՝ քաղաքական թշնամի, փորձանք հանրության համար։ Նա հասարակությանն առաջարկում է դառնալ գերի, իսկ դա լավագույնս կարող է կազմակերպել ինքը։
Սկզբունքայնությունը ծայրահեղականություն է՝ ռևանշիզմ։ Արժանապատվության լեզուն՝ արկածախնդրություն։ Զանգվածն ատում է նրանց, ովքեր իրեն ստիպում են մտածել։ Մտածելու կոչ անելն առաջացնում է ագրեսիա, ատելություն, պարզունակ պատկերացումների վրա հիմնված ներաշխարհը կասկածի տակ դնելու վտանգ։ Նա ազգից կերտում է զոհի կերպար. «մեզ միշտ խաբում են», «մեզ միշտ օգտագործում են» և ամենակարևոր՝ «մենք ոչինչ չենք կարող փոխել»։ Նա խոսում է պարզունակ, սև-սպիտակ երանգների մեջ, «նա մեր նման է», ինչն ավելի կարևոր է, քան «նա գիտի ինչ անելը»։
Պարտվողական մտածելակերպ, մշտական արդարացումներ, պարտությունն ընդունելու փիլիսոփայություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթողի էներգիա փոխանցել ոչ մի ոլորտի։ Նա տանուլ է տվել եկեղեցու դեմ պայքարի բոլոր օրինական միջոցները, արդեն վաղուց դիմում է ապօրինությունների ու սադրանքների օգնությանը։ Եթե որևէ քաղաքացի տուժի, մեղավորը, բնականաբար, սառույցը չէ, այլ՝ քաղաքային ձախողված կառավարումն է։