Ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է, սակայն առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ավարտելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագո հանգստավայրում։
Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը բարձր գնահատել է Զելենսկիին՝ նրան «շատ լավ մարդ» անվանելով և հավաստիացնելով, որ խաղաղությունը մոտ է։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները։ Ըստ նրա՝ հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա Վաշինգտոնում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ գործընթացը բարդ է և պահանջում է ժամանակ, սակայն նա վստահ է, որ «ամեն ինչ լավ ենք անում»։ Նա նաև հավաստիացրել է, որ Պուտինը «շատ լուրջ է տրամադրված խաղաղության հաստատման հարցում» և ցանկանում է տեսնել դրա իրականացումը։ «Նա ինձ վստահեցրել է, և ես հավատում եմ նրան»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ առաջիկայում կրկին կխոսի Պուտինի հետ։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հանդիպման համար՝ վերահաստատելով խաղաղություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։