Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի։ Սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի, առողջության և բարեկեցության հաշվին։
Մենք առաջարկում ենք ապահովագրման այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։ Այս համակարգը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին։
Առաջնահերթ խնդիր է բժիշկների և բուժաշխատողների համար արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ ապահովելը։ Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։ Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է։
Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։ Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։
Մենք առաջարկում ենք այնպիսի ապահովագրման համակարգ, որը չի բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։