Իսպանիայի կառավարությունը որոշել է չթույլ տալ Իրանում պատերազմի հետ կապված գործողությունների համար նախատեսված ռազմական ինքնաթիռների օդային տարածքի օգտագործումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
«Մենք չենք թույլ տալու ո՛չ ռազմական բազաների օգտագործումը, ո՛չ էլ օդային տարածքի օգտագործումն Իրանում պատերազմի հետ կապված գործողությունների համար»,- ասել է նախարարը։
Այս որոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները, որոնք ուղղվում են Մերձավոր Արևելքում գտնվող իրենց թիրախներին, ստիպված են լինելու շրջանցել Իսպանիայի տարածքը՝ ռազմական ինքնաթիռների համար նախատեսված օդային միջանցքները փակելու պատճառով։
Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այս քայլը համապատասխանում է կառավարության կողմից արդեն կայացած որոշմանը՝ չմասնակցել կամ չնպաստել միակողմանիորեն և միջազգային իրավունքին հակասող ռազմական գործողություններին։
Այս որոշումը կայացել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումներին ակտիվորեն ընդդիմացելու համատեքստում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դրանք բազմիցս որակել է որպես անխոհեմ և անօրինական։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր կրճատել առևտուրը Մադրիդի հետ՝ Իրանի դեմ պատերազմում Իսպանիայի ռազմաբազաների օգտագործումը մերժելու համար։