Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանի կողմից Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված Ռուսաստանից մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մերժումը պայմանավորված է բացառապես Հայաստանի իշխանությունների քաղաքական ցանկությամբ՝ «մաքրել Ռուսաստանի մասին բոլոր հիշատակումները»։
Ըստ նրա՝ Ռուսաստանը երբեք չի թողել առանց աջակցության և օգնության Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Այդ օգնության շրջանակում Արցախից Հայաստան տեղափոխված 7000 ընտանիքի անդամներին փոխանցվել է 140 տոննա մարդասիրական բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ և հատուկ մանկական հավաքածուներ։
«Հիմնական կարիքների բավարարումը թույլ էր տալիս մարդկանց, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին, ավելի շատ ուշադրություն դարձնել ավելի լուրջ խնդիրների լուծմանը․ բնակարանային ապահովում, զբաղվածություն, սոցիալական վերաինտեգրում։ Սա, իհարկե, անվերապահորեն տեղական իշխանությունների բացառիկ իրավասությունն է, և հենց այդ նույն մարդասիրական օգնությունը պետք է, ի թիվս այլոց, օգներ նրանց կենտրոնանալ առաջնահերթ նպատակների վրա»,-նշել է Զախարովան։
Նա քննադատել է Երևանի կողմից ներկայացված մերժման հիմնավորումը՝ «Չակերտները բացվում են. Նախընտրական շրջանում Հայաստանի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական օգնության տրամադրումը»։
«Ընդ որում, ի՞նչ կապ ունի դա քննարկվող իրավիճակի հետ, չէ՞ որ միջազգային կամ բարեգործական կազմակերպություններին արգելվում է միայն և բացառապես քարոզչություն իրականացնել։ Ի՞նչ կապ ունեն իրար հետ քարոզչությունը և մարդասիրական օգնությունը»,-հարցրել է Զախարովան՝ ընդգծելով, որ Երևանի մերժումը պայմանավորված է իշխանությունների քաղաքական նպատակներով։
Նա հարցնել է, թե ի՞նչ կբացատրեն իշխանությունները 140 տոննա օգնություն ստացած մարդկանց, որոնց Ռուսաստանը իբրև հրաժարվել է օգնություն տրամադրել։ «Պետք չէ հորինել պատմություններ։ Պարզապես ասեք, որ դուք ինքներդ եք հրաժարվել դրանից»,-խորհուրդ է տվել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։