«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, հաջողությամբ ավարտել է դուրս գալու գործընթացը 5 ընկերությունից։
Այսպիսով, ֆոնդը ամբողջությամբ հետ է ստացել իր ներդրումները «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», «Սիդ թու Ֆարմ», «Յունիվերսալ Քլոզրս», «Գլոբալ Քոննեքթ» և «ԷյԷմՍի» ՓԲԸ-ներից։
Մեկ ընկերության հետ, «Դոմ Արենա» ՓԲԸ-ի, դուրս գալու գործընթացը գտնվում է «ապահարզանն» փուլում։ Ընկերության մյուս բաժնետերը համաձայնել է ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերել, սակայն վճարումները կատարվում են 4 փուլով։ Փետրվարի 18-ի դրությամբ վճարվել է 195 մլն դրամ, իսկ ֆոնդի զուտ ներդրումը «Դոմ Արենա»-ում կազմում է մոտ 277 մլն դրամ։
Ամենից հետաքրքիր և բարդ իրավիճակը ստեղծվել է մյուս 4 ընկերությունների հետ։ Պետական ֆոնդը դրանցում ներդրել է մոտ 9 մլն դոլար, սակայն դրանց մյուս բաժնետերերը չեն օգտվել ֆոնդի կառավարչի՝ բաժնետոմսերը գնելու առաջարկից։ Այս 4 ընկերությունները՝ «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս», «Բերրիմաունթ» և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ները, չեն ցանկացել ձեռք բերել պետությանը պատկանող բաժնետոմսերը։
Այսպիսով, ֆոնդի կառավարչի՝ Պետգույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) համար ստեղծվել է յուրօրինակ իրավիճակ, երբ պետության կամքը և կարողությունները փորձության են ենթարկվում՝ պետական միջոցները վերադարձնելու համար։
Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ստեղծվել էր 2020-2021 թթ. կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Ֆոնդի նպատակն էր աջակցել տնտեսության ակտիվացմանը, ստեղծել աշխատատեղեր և խթանել արտահանությունը։ Ֆոնդի մասնակիցը և բաժնետերը պետությունն էր, որը ներդրումներ էր կատարում տարբեր ընկերություններում՝ ստանալով 25,1-49,9% բաժնետոմսեր։