Գործողությունը շատ ընդգրկուն է, բերման են ենթարկում ընտանիքներով

-ը գրում է.

Մի քանի օր է՝ Իսպանիայի մի շարք քաղաքներում՝ Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում և այլ քաղաքներում իսպանական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում տեղի հայերի շրջանում, բնակարաններում, նրանց գործունեության տարածքներում: Կան մեծ թվով բերման ենթարկվածներ: Ընդհանուր առմամբ, իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, խուզարկվել են 70-ից ավելի բնակարաններ և կան 150-ից ավելի բերման ենթարկվածներ:

 

«Առաջին լրատվական»,-ին Մադրիդում բնակվող հայերը պատմեցին, որ շատ հաճախ ոստիկանությունը բերման է ենթարկում հայերին ընտանիքներոով՝ երբեմն շփոթելով այլ անձանց հետ, սակայն բաժանմունքներում պարզելով ինքնությունը, բաց են թողնում:

 

«Ահավոր վիճակ է: Գործողությունը շատ ընդգրկուն է, Իսպանիայի ամբողջ տարածքով, Բարսելոնայում են շատ հայեր բռնել, մոտ 30 հոգի ձերբակալել են Վալենսիայում, 40 հոգուց ավելի էլ Ալիկանտե քաղաքում: Ալբասետե քաղաքում ևս մեծ թվով բերման ենթարկվածներ կան: Ընդ որում ուշագրավ է, որ երբ բերման ենթարկվածները հետաքրքրվում են, թե ինչ խնդիր է, նրանց պատասխանում են, որ դա փակ ինֆորմացիա է:

Նախկինում էլ են եղել իրավապահների նման գործողություններ, բայց ոչ նման ծավալով և մասշտաբով: Սա չլսված գործընթաց է»,- պատմեց մեր զրուցակից իսպանահայը:

Նշենք, որ իսպանական լրատվամիջոցները տեղի ոստիկանության գործողությունները բնորոշում են որպես պայքար հայկական մաֆիայի դեմ: Պայքար է ընթանում հայկական ծագում ունեցող հանցավոր խմբավորման դեմ, որը կապված է թմրադեղերի, զենքի առևտրի, փողերի լվացման և այլ հանցագործությունների հետ: Հայերի մասնակցությամբ այս հանցախումբը ամենախոշոր հանցախմբերից է ամբողջ Եվրոպայում, որոնք կապեր ունեն ԱՄՆ-ում և եվրոպական այլ երկրների հետ:

Նշենք, որ հայերից բացի, բերման ենթարկվածների մեջ կան նաև վրացիներ, ռուսներ: