Ամենակարևորը, ինչի մասին չխոսեց ոստիկանապետը

-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմամբ ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը: Ասուլիսի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր այս 100 օրվա ընթացքում ոստիկանության կազմակերպած գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչպես նաև հնչեցին պարզաբանումներ հանրային լայն ռեզոնանս առաջացրած մի շարք քրեական գործերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Օսիպյանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի իրավապահ մարմինների տեսադաշտում: Այլ հարց է, իհարկե, թե ինչու է Նարեկ Սարգսյանն այդ տեսադաշտից խույս տվել, արդյո՞ք չկար այստեղ իրավապահ մարմինների և, մասնավորապես, ոստիկանության վրիպումը: Շոշափելով գրեթե բոլոր առանցքային հարցերը, Օսիպյանը փաստացի չխոսեց գլխավորից, թե ինչպե՞ս էր ստացվել, որ բազմաթիվ «բռնոցիների» արդյունքում նույն Սաշիկ Սարգսյանը բացարձակ անմեղ դուրս եկավ: Դժվար է հավատալ, որ ոստիկանությանը չի հաջողվել գտնել գեթ մեկ տուժած գործարարի, ում Սարգսյանը, ավանդույթի համաձայն, «փայ է մտել»: Արդյունքում՝ Սաշիկ Սարգսյանի «50 տոկոսները» հավասարեցվեցին ժողովրդական ֆոլկլորի մակարդակին:

Ինչ վերաբերում է ոստիկանության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներին, ապա դրանք կայանում են առաջիկայում սպասվող Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների աննախադեպ բարձր որակն ապահովելու մեջ: Այս համատեքստում  Օսիպյանը  արձագանքեց նաև Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության հայտարարություններին, թե՝ լինելով ՀՀ վարչապետին առընթեր մարմին, ոստիկանությունը կաշկանդված կարող է լինել առաջիկա ընտրություններին և աչք փակել իշխանական ուժի կողմից հնարավոր խախտումների վրա։ «Մարդիկ ուղղակի նման հայտարարություններով փորձում են ստվեր գցել այս ամենին»,- արձագանքելով նման հայտարարություններին՝ հայտարարեց Վալերի Օսիպյանը։ Փաստացի՝ Օսիպյանը Դաշնակցությանը մեղադրում է քաղաքական դիվիդենտներ շահելու չհաջողված փորձի մեջ:

Իրականում, դժվար է 100 օրվա կտրվածքով գնահատել այն վերափոխումները, որոնք կատարվել են ոստիկանական համակարգում: Փաստն այն է, որ հեղափոխությունը թափանցել է առայժմ միայն պետական համակարգի, այսպես կոչված, վերին շերտը, իսկ պետական կառույցները գործում են կամ իներցիայով, կամ փորձում են իրենց գործունեությունը հարմարեցնել քաղաքական ղեկավարության ցանկություններին։ Վարչապետը ըստ ամենայնի, գերագնահատել է հեղափոխության ազդեցությունը իրավապահ համակարգի վրա և կարծում է՝ արդեն գործ ունենք բացառապես իր լիազորություններով շարժվող ոստիկանության հետ, որն իրեն դուրս է դնում քաղաքական կոնյուկտուրայից, տարբեր սուբյեկտիվ ընկալումներից։ Այսօր տեղի ունեցողում ակնառու է հին համակարգի խորհրդանիշների կամ «կուռքերի» թիրախավորումը, ինչն, անկասկած, ունի հոգեբանական ահռելի նշանակություն: Նախ, մի կողմից դրանով փորձ է արվում գործնականում ցույց տալ, որ ոչ ոք անձեռնմխելի չէ, և Նոր Հայաստանում այդ մասին իշխանության հայտարարությունները իրական են, կամ այլ կերպ ասած՝ խոսքը գործ է: Իրավապահ համակարգի ողջ արդյունավետությունը գնահատելու համար ժամանակ է պետք: Միայն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ներքաղաքական վերադասավորումները ի վերջո կավարտվեն, ամբողջությամբ ընկալելի կլինի իրավապահ համակարգի նոր դերը և տեղը «Նոր Հայաստանում»: Իսկ մինչ այդ՝ ոստիկանության  գլխավոր գործառույթն է լինելու հեղափոխության օրակարգի պաշտպանությունը:

933


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա