Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնով

-ը գրում է.

Սյունիքի մարզում ՀՀԿ-ի գործերը նախանձելի չեն. վերջին տարիներին անդամագրված անձինք մասսայաբար լքում են ՀՀԿ-ն, ավելին՝ «հերթ են կանգնում» իշխանություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Գործընթացը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ: Նույն իրավիճակն է նաև Լոռու մարզում, որտեղ վերից վար հանրապետականացված մարզպետարանի աշխատակիցները հերթով հրաժարվում են իրենց կուսակցական տոմսերից և դառնում նոր իշխանության թիմի անդամներ: Եվ, ընդ որում, որքան էլ տարօրինակ է, նրանք անդամակցում են ոչ թե մարզպետի ԲՀԿ-ին, այլ Փաշինյանի քաղաքական ուժին, ինչպես ասում են՝ հանրապետականների քաղաքական հոտառությունը ուրիշ է…

Ինչո՞վ է վտանգավոր այս իրավիճակը: Առաջին հերթին՝ վտանգվում է թավշյա հեղափոխության հիմնարար արժեհամակարգը, քանի որ այն իրականություն դարձավ հենց Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական իշխանությունը մենաշնորհելու պատճառով: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ ՔՊ–ն գնում է ՀՀԿ-ի հետքերով. Մարզերում համատարած ՔՊ-ականացումից հետ չի մնում նաև մայրաքաղաքը, որտեղ սնկի պես սկսել են աճել ՔՊ գրասենյակները: Իհարկե, դա մի կողմից նորմալ, տրամաբանական քաղաքական գործընթաց է, քանի որ Փաշինյանի թիմը այս պահին քաղաքական դաշտում կայանալու խնդիր ունի, բայց արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, որ այս տենդենցի խորացումը կարող է փակուղու առջև կանգնեցնել հենց իրեն: Չէ՞ որ անգամ սեփական քաղաքական թիմերում նրա և Սերժ Սարգսյանի կարգավիճակները մեկը մյուսի հայելային արտացոլումն են՝ Սարգսյանը անփոխարինելի էր ՀՀԿ համար, Փաշինյանը՝ ՔՊ: Եվ, եթե Սարգսյանը միտումնավոր, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից դրդված՝ չէր ցանկանում ուղղել այդ իրավիճակը, Փաշինյանը փայլուն հնարավորություն ունի իր իսկ քաղաքական ուժի ներսում նոր լիդերներ աճեցնելու, տալու նրանց քաղաքական դաշտում դրսևորվելու հնարավորություն՝ այդպիսով ոչ միայն համալրելով կադրային բանկը, այլև իրեն արժանի փոխարինողներ ստեղծելու համար: Հակառակ դեպքում, մենք ականատես եղանք, թե ինչի հանգեցրեց անփոխարինելիության թեզը և մեկ քաղաքական ուժի կողմից ողջ համակարգը իրենով անելու մոլուցքը:

Առաջին հերթին հենց Փաշինյանի շահերից է բխում, որպեսզի իր թիմակիցները հեռու մնան ՀՀԿ ճանապարհով գնալու գայթակղությունից: Փաշինյանն ինքն էլ քաջ գիտակցում է, թե ովքեր են մեկ կուսակցությունից մյուսը վազող անհատներն իրենց բարոյական և քաղաքական նկարագրով: Դրանք այն մարդիկ են, ովքեր փորձում են ադապտացվել նոր պայմաններին, սակայն անում են դա հին համակարգին բնորոշ տրամաբանությամբ, այն է՝ գործերն առաջ տանելու համար քաղաքական կտուր է անհրաժեշտ, օրվա իշխանության հետ լավ հարաբերություններ են անհրաժեշտ: Եթե հաղթի այս մտածելակերպը, ապա կարելի է ասել, որ թավշյա հեղափոխությունն իզուր էր, քանի որ նման քաղաքական տրանսֆորմացիաների մենք արդեն ականատես եղել ենք՝ ՀՀՇ-ին փոխարինեցինք ՀՀԿ-ով, և ցանկալի չէ այժմ էլ, շարունակելով լավագույն քաղաքական ավանդույթները, ՀՀԿ-ն փոխարինել ՔՊ միահեծան իշխանությամբ: Իսկ նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ են նոր գործիչներ, նոր քաղաքական ուժեր, նոր մտքեր ու գաղափարներ, որոնց առկայության դեպքում քաղաքական դաշտի նոր լճացումը բացառված կլինի:

Ստելլա Խաչատրյան

903


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)