Իրողություն է փոխվել. Տարեվերջին կտեսնենք

-ը գրում է.

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ՀՀԿ-ն լքեց ևս  մեկ օլիգարխ պատգամավոր՝ Աշոտ Արսենյանը։ Փաստորեն ՀՀԿ-ի նյութական ռեսուրսը գնալով նվազում է։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

Նախ՝ կուսակցության նյութական ռեսուրսը որևէ անձի հետ կապ չունի։ Երկրորդ՝ ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ՝ ով գնում է, բարով գնա, մենք իրենց հարգանքով ենք վերաբերվում։ Արսենյանն այդպես է որոշել, որևէ կերպ չեմ մեկնաբանում, դա իր խնդիրն է։ Կուսակցությունը, չեմ կարծում, որ դրանից պետք է իր կուսակցական դիրքը փոխի, կամ ապագա գործունեությունը որևէ փոփոխության ենթարկվի։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում երբ մտնի, երբ դուրս գա։ Խառը ժամանակներ են, ամեն մեկն իր ապագան ինչպես որոշում է, թող որոշի։ Այստեղ հատուկ մեկնաբանության առիթ չկա, ես չեմ ցանկանում մեկնաբանել, բոլորին հաջողություն եմ մաղթում, այդ թվում՝ իրեն։

Առաջիկայում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս առումով՝ Դուք մտահոգություններ չունե՞ք, որ ՀՀԿ-ի ռեսուրսները գնալով պակասում են և հնարավոր է անգամ խորհրդարանում չհայտնվեք։

Կարծում եմ՝ վաղ է խոսել կուսակցության ռազմավարությունից ու մարտավարությունից արտահերթ ընտրությունների ժամանակ։ Օրը կգա, բարին հետը, մի շտապեք։

Եթե ՀՀԿ-ն նախկինում ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չէր տեսնում, հիմա անգամ պատրաստ է քննարկել ռեյտինգային համակարգից հրաժարվելու հարցը։ Ի՞նչ է փոխվել, որ այսքան զիջումների եք գնում։

Իրողություն է փոխվել։ Քննարկում ենք, կքննարկենք, կտեսնենք։ Այնպես չէ, որ կա ունիվերսալ կարծիք, թե ընտրական որ մոդելն է ավելի լավը։ Նախկինում էլ նշել եմ, մնում եմ իմ կարծիքին։ Հիմա քաղաքական իրողություն է փոխվել, քննարկումներ են ընթանում։ Ես կարող եմ հարցին հարցով պատասխանել՝ իսկ ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ մարդիկ ուզում են արտահերթ ընտրություններ։ Այո, փոփոխություններ են եղել, մարդիկ ցանկանում են ընտրական օրենսգրքի բարեփոխում, մենք էլ ասում ենք, որ այդ բարեփոխումը պետք է լինի ընտրական օրենսգրքի ավելի թափանցիկությունը և ժողովրդի կողմից ընտրությունների արդյունքների ավելի հավաստի լինելը։ Եթե մենք կարող ենք ունենալ նման ընտրական օրենսգիրքը, խնդրեմ, եթե մենք պետք է  ձևական փոփոխություն անենք, ափալ-թափալ, ապա դա խնդրահարույց է։ Դրա համար ՀՀԿ-ն, որպես դասական քաղաքական կուսակցություն, նշում է, որ ինքը պատրաստ է երկխոսության մեջ մտնել քաղաքական իր գործընկերների հետ և կլոր սեղանի շուրջ քննարկել ու կարծիքներ արտահայտել, ինչը պահանջում է քաղաքական մշակույթը։ Դեռ մենք քննարկում ենք շատ բաներ, և այնպես չի, որ բոլոր հարցերի շուրջ կա միասնական դիրքորոշում։ Մենք ունենք աշխատանքային խումբ, որն աշխատում է, հուլիսի 4-ին պետք է լինի հանդիպումը։ Քննարկումների արդյունքում մեր ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը կներկայացնեն մեր դիրքորոշումները։

Ձեր կանխատեսմամբ՝ ե՞րբ կլինեն արտահերթ ընտրությունները, ո՞րն է ամենաօպտիմալ ու ռացիոնալ տարբերակը։

Ես որևէ բան չեմ կանխատեսում, գտնում եմ, որ չպետք է արհեստականորեն արագացնել գործընթացը։ Ամեն ինչ պետք է լինի քաղաքական ուժերի պայմանավորվածությունների և նաև Սահմանադրության գերակայության շրջանակներում։ Դա քննարկման առարկա է, որի վերաբերյալ այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Մի բան կարող եմ ասել, որ չկա մի հարց, որի շուրջ ՀՀԿ-ն պատրաստ չլինի քննարկում իրականացնել։ Հիմա եթե կառավարության նպատակը ափալ-թափալ ընտրություն անելն է, այսօր էլ կարող է վարչապետը հրաժարական տալ, եթե կառավարության նպատակն է ունենալ բարեփոխված ընտրական օրենսգիրք, ապա պետք է առանց շտապելու և արհեստական ձգձգելու, նորմալ ընտրական օրենսգիրք ունենալ, չնայած ես կարծում եմ, որ նախորդ բարեփոխված ընտրական օրենսգիրքը վատը չէր։ Բավական լավ հնարավորություններ էր տալիս նորմալ ընտրություններ անցկացնելու համար։ Համենայն դեպս, դրա մասին են խոսում տարբեր միջազգային գնահատականները։ Իսկ թե արտահերթ ընտրությունները երբ կլինեն, կլինեն, թե չեն լինի, 2 ամիս, 6 ամիս հետո կլինի, թե մեկ տարի հետո, երկու տարի հետո, ես այսօր չեմ կարող ասել։ Կա նոր կառավարություն, որն իր ծրագրում գրել է մեկ տարվա ընթացքում, կապրենք կտեսնենք։

 

ԱԱԾ բացահայտումների թիրախում հայտնվել են հիմնականում նախկին իշխանությունների մերձավոր շրջապատի մարդիկ։ Սա ցույց չի՞ տալիս, որ նախկին իշխանությունների կողմից ամենաթողություն է տեղի ունեցել։

Ես համամիտ չեմ դրա հետ, նախ կա անմեղության կանխավարկած, և ես ափսոսում եմ, որ նոր ղեկավարությունը երբեմն անմեղության կանխավարկածն արհամարհում կամ մի կողմ է դնում ու գնահատականներ է հնչեցնում։ Ոչ ոք իրավունք չունի անմեղության կանխավարկածն արհամարհել։ Ոչ օրենսդիր, ոչ գործադիր իշխանության խնդիրը չէ մարդկանց հռչակել մեղավոր են, թե մեղավոր չեն։ Դա բացառապես անկախ դատարանի իրավասությունն է։ Մենք պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, կլինի դատարանի որոշում, դրանից հետո կարող ենք գնահատականներ հնչեցնել։ Ես ասել եմ ու ասում եմ՝  բոլոր անօրինականությունները ես մերժում եմ, չեմ ընդունում, միաժամանակ, ես մտահոգիչ եմ համարում հնարավոր ընտրովի արդարադատության իրականացումը Հայաստանում։ Մենք պետք է զերծ մնանք հապճեպ գնահատականներից, 1-2 դեպքով չպետք է գնահատականներ հնչեցնենք, չպետք է  գնանք քաղաքական մերժողականության ճանապարհով։ Հայաստանում հրեշտակներ և սրբեր չկան։ Մինչև դատարանի որոշումը մարդկանց հանցագործ հռչակելը ժողովրդավարական չէ։

Արդարադատությունը չպետք է իրականացվի ընտրովի, հանցագործություն կատարելը կուսակցական պատկանելիություն չունի։ Որևէ մեկը օրենքի առջև ավելի հավասար չպետք է լինի, բայց շատ դեպքերում կա մտահոգություն, որ հնարավոր է արդարադատությունը ընտրովի լինի։ Նախօրոք, արհամարհելով անմեղության կանխավարկածը, իրենց վրա վերցնում են դատավորի ֆունկցիա։ Բա էլ ինչի՞ ենք Սահմանադրությամբ տարանջատել իշխանությունները օրենսդիրի, գործադիրի և դատականի։ Մի կողմից, պետք է հնարավորություն տալ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին իրականացնել օրենքով սահմանված իրենց լիազորությունները, մյուս կողմից, պետք է հնարավորություն տալ մեղադրվողներին պաշտպանել իրենց շահերը և հարգել նրանց անմեղության կանխավարկածը, ինչպես ընդունված է ամերիկյան և եվրոպական ժողովրդավարություններում։

Երբ դեռ իշխանություն էիք, նշում էիք, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկն էլ ուժեղ ընդդիմություն չունենալն է։ Ասօր ՀՀԿ-ն փաստացի միակ ընդդիմություն է։ Արդյոք Ձեզ ուժեղ ընդդիմություն համարո՞ւմ եք։

Եթե մտավոր պոտենցիալով նայենք, ապա այո, եթե պրոֆեսիոնալ թիմով նայենք, ապա այո, բայց այս պահին վաղ է խոսել ուժեղ իշխանության կամ ուժեղ ընդդիմության մասին, որովհետև հանրությունը դեռևս գտնվում է հետիշխանափոխական էմոցիոնալ էյֆորիկ ազդեցության ներքո։ Դրա համար այս մասին խոսելը շատ բարդ է, միգուցե մի քանի ամիս հետո խոսենք։ Ինձ համար ընդդիմությունը և իշխանությունը պետք է բացառապես վարեն ոչ թե անձերի դեմ, վհուկների որսի պայքար, այլ պետք է լինեն ազատ և անկաշկանդ դեբատներ։ Պետք է պայքարեն ոչ թե Փաշինյանն ու Շարմազանովն իրար դեմ, այլ պետք է պայքարեն ՔՊ-ն ու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՔՊ-ն, Ազատ դեմոկրատները և Ելքը և այլն։ Իմ երազած Հայաստանում չկա անձերի դեմ պայքար, իմ երազած Հայաստանում չկա ատելություն, իմ երազած Հայաստանում կա քաղաքական գաղափարախոսություն, կա ծրագիր, որի շուրջ բանավեճ է ծավալվում։ Սա է իմ կարծիքը։ ՀՀԿ-ն, իր բոլոր թերություններով  հանդերձ, ունի այդ գաղափարախոսությունը, դա ազգային պահպանողական գաղափարախոսությունն է, և ունի այդ քաղաքական թիմը, Դաշնակցությունն էլ ունի, միգուցե այլ կուսակցություններ էլ ունեն, դրա համար ծրագրի շուրջ պետք է քննարկում ընթանա։

Իսկ հիմա ինչ է կատարվել. Նրանք, ովքեր մեզ քննադատում էին, որ ԵԱՏՄ-ն վատն է, այսօր եվրասիականի ջատագովներ են դարձել, ՀՀԿ-ն ասում էր՝ ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, նրանք, ովքեր քննադատում էին ՀՀԿ-ին, այսօր ծպտուն չեն հանում։ Բա ինչու էլ ՀԱՊԿ-ից բան չեն խոսում։ Խոսքը Փաշինյանին չի վերաբերում, այլ իր շրջապատին, որ անխնա մեզ քննադատում էր։ Մեզ քննադատում էին կուտակայինի համար, քիչ էր մնում անարգանքի սյունին գամեին, այսօր այդ պարտադիր կուտակայինը տարբեր պատճառաբանություններով մնում է։ Տարեվերջին կտեսնենք՝ որ թռիչքային զարգացում էին ասում, քանի՞ տոկոս են ապահովել, մեզ մեղադրում էին, որ սփյուռքից ներդրողները քիչ էին, հիմա կտեսնենք՝ մինչև տարեվերջ ներդրողները կշատանա՞ն, թե կպակասեն, մեզ մեղադրում էին արտագաղթի մեջ, տա Աստված, որ տեսնենք՝ արտագաղթը պակասել է, ավելին՝ մեծ ներգաղթ են ապահովել։

Ժամանակը կգա, այս էմոցիոնալ, էյֆորիկ ֆոնը կանցնի, և կլինեն քաղաքական դեբատներ։ Իմ երազած Հայաստանում կա քաղաքական գործընկերություն, հարգանք և չկա գոտկատեղից ներքև հարված։ Առնվազն ես նման քաղաքականության մեջ անելիք չունեմ, եթե պետք է լինեն գոտկատեղից ներքև հարված, անձերի դեմ պայքար և այլն։ Ես իմ երկրում պատկերացնում եմ բացառապես քաղաքակիրթ, սուր քաղաքական պայքար՝ քաղաքական մշակույթի կանոններով։

1175