Քոչարյանի հարցաքննության ձայնագրությունը

-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով, ինչի ծանուցագիրը նա արդեն ստացել է: Գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ հարցաքննության ձայնագրության հարցը տեխնիկական է և քննարկման փուլում է: Եթե Քոչարյանի համար դա տեխնիկական է, ապա գործի հանրային-քաղաքական նշանակության համար հարցը միանգամայն քաղաքական է, քանի որ դրանից է զգալիորեն կախված լինելու նաև վստահությունը քննչական խմբի նկատմամբ ու ըստ այդմ՝ նաև ընդհանրապես Մարտի 1-ի անաչառ քննության քաղաքական կամքի:

 

Իրավիճակը Հայաստանում թերևս այնպիսին է, ու արդեն տարիներ շարունակ, որ հանրային գիտակցության, թե ենթագիտակցության մեջ Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունը «ապացուցված» է, և իրավական պատասխանատվությունից ցածր որևէ այլ բան հանրության մեջ կարող է առաջացնել դժգոհություն: Հարցն այն չէ, որ դա պետք է դառնա Քոչարյանի հանդեպ դատավճռի հիմք ու կայացվի ազատազրկման որոշում: Մեղավոր է Քոչարյանը, ինչի համար է մեղավոր, ինչքան է մեղավոր՝ դա քննության պարզելիք հարցն է և դատարանի կայացնելիք վճռի հարցը:

Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի պատասխանատվության մասով կա հանրային գերիշխող ընկալում, ըստ այդմ՝ «մեկ սպասում»: Եվ եթե այդ «սպասումը» չարդարանա, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ հանրությունն ուղղակի չի հավատալու քննության անաչառությանը և սկսելու է կասկածել, որ եթե Քոչարյանին չեն ենթարկում կոնկրետ պատասխանատվության, ուրեմն չկա արդարություն, չկա անաչառ քննություն, և ամեն ինչ թատրոն է: Եվ պետք չէ կասկածել նաև, որ կգտնվեն մի շարք շրջանակներ, որոնք կգեներացնեն այդ մտայնությունը, այդ տրամադրությունները՝ արդեն Նիկոլ Փաշինյանին հարվածելու համար: Դա իրողություն է, որը հաշվի առնելը թերևս անհրաժեշտ է:

Ըստ այդմ՝ Քոչարյանի հարցաքննության ձայնագրությունը իրականում ոչ թե տեխնիկական, այլ հասարակական-քաղաքական կարևորագույն հարց է, որը պետք է ապահովի քննության անաչառությունը, ըստ այդմ՝ եթե, դիցուք, պարզվի, որ Քոչարյանը չունի իրավական պատասխանատվության ենթարկվելու հիմք, հարցաքննության տեսագրությունը պետք է այդ հանգամանքը զերծ պահի տարաբնույթ մանիպուլյացիաներից և դրանց միջոցով նոր իշխանությանը հասցվող հարվածներից: Հակառակ դեպքում հարցաքննությունը կարող է վերածվել նոր իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի համար ծուղակի, երբ Մարտի 1-ի բացահայտման քաղաքական կամքն իրականում կարող է ավելի վնաս հասցնել Փաշինյանին, քան օգուտ:

Եթե Քոչարյանը չունի իրավական կամ քրեաիրավական պատասխանատվության պատճառ, ապա հանրությունը պետք է համոզիչ տեսնի այդ պատճառի բացակայությունը, որպեսզի նրա «սպասումը», որի մասին խոսել էինք ավելի վերևում, դադարի լինել գիտակցությանը  թելադրող ու նաև լինել Մարտի 1-ի քննության անաչառության  վերաբերյալ  եզրակացությունների ելակետ:

Լուսանկարը՝ Photolure-ի

|
1600


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)