Սերժ Սարգսյանը կամուֆլյաժը կհագնի, կգա-կնստի Նիկոլ Փաշինյանի կողքին․ Ալիկ Սարգսյան

«Հանրապետական կոչվածը ես չէի ուզենա, որ այդքան ընդհանրացնեք։ Ես ինքս էլ ՀՀԿ անդամ եմ, բայց չեմ ուզում այս մեղադրանքների 2 տոկոսն ինձ վրա վերցնել։ Իհարկե, իրականության լուրջ պտուղ կա այս ամենի մեջ, ես մաքուր եմ իմ խղճի առաջ, բոլորի առաջ,  ես հաստատ մաքուր եմ, իշխանություն փոխվի-չփոխվի՝ իմ հետ ոչ մի խնդիր չկա, բայց մոռանալ, ամբողջ անցյալը ջնջել, բոլորին ուղարկել տուն՝ չի կարելի, էս մարդկանց փորձը, պատմությունը՝ մեզ, ձեզ պետք են»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

Պատգամավորը նշեց, որ չի ուզում ճանաչել այն պատգամավորներին, ովքեր կլքեն ՀՀԿ-ն և հայտնում է, որ հետագայում էլ չի ճանաչի նրանց։ 

Հարցին՝ արդեն որոշե՞լ է՝ իր քվեն որ թեկնածուին է տալու, Ալիկ Սարգսյանը պատասխանեց․ «Չեմ որոշել, չգիտեմ»։ 

Պատգամավորը սակայն, վստահ է, որ Սերժ Սարգսյանը դեռ մեզ պետք է գալու, եթե հանկարծ հակառակորդը լարվածություն սադրի սահմանին․ «Սերժ Սարգսյանը, եթե անգամ կուսակցության, ղեկավարի պաշտոնից հեռանա՝ Արցախի հարցում մի պատմություն եղավ՝ ամեն ինչ կդնի մի կողմ, կամուֆլյաժը կհագնի, կգա-կնստի Նիկոլ Փաշինյանի կողքին»։ 

x