Սերժ Սարգսյանը հանկարծ հիշեց ամենակարեւորը. Պողոսյանը նշանակվել է Սարգսյանի խորհրդական


-ը գրում է.

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին անգործ չթողնելու մասին: Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Սարգսյանի խորհրդական: Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Պողոսյանը զբաղվելու է արտերկրում Հայաստանի իրականացնելիք մշակութային միջոցառումների, խոշոր նախագծերի իրականացմամբ, որպես հանձնակատար:

 

Այլ խոսքով, Հասմիկ Պողոսյանին Սերժ Սարգսյանը փաստորեն նշանակել է արտաքին մշակութային գործերի նախարար:

 

Հայաստանն ունի արտաքին գործերի նախարարություն եւ մշակույթի նախարարություն: Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծում է, որ այդ երկու նախարարություններն ի վիճակի չեն անել այն, ինչ կանի մեկ Հասմիկ Պողոսյանը:

 

Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանն ինչպե՞ս էր մոռացել Պողոսյանի մասին: Նա, որ մշակույթի ամենաերկարակյաց նախարարն էր եւ կառավարությունում հայտնվելով Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության կոալիցիոն քվոտայով, մնաց այնտեղ բոլոր կոալիցիաների ժամանակ էլ, պաշտոնից ազատվեց 2016 թվականին կառավարության փոփոխության հետեւանքով:

 

Փաստորեն, Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանին նոր գործ է տալիս պաշտոնանկությունից ավելի քան մեկ տարի անց: Դա ռեկորդային «մոռացում» է, որովհետեւ պաշտոնանկ լինող նախարարները կամ այլ պաշտոնյաները, եթե չեն հեռացել Սարգսյանի հետ կոնֆլիկտով, սովորաբար շատ կարճ ժամանակ անց են համալրում նրա խորհրդականների շարքը: Սերժ Սարգսյանի խորհրդականների ինստիտուտն ունի հենց այդ՝ սոցիալական նշանակությունը պաշտոնանկ եղածների համար: Թեեւ, այստեղ կա իհարկե նաեւ համակարգային բարոյական նշանակություն՝ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ոչ ոք չի մոռացվում  եւ ոչինչ չի մոռացվում:

 

Հասմիկ Պողոսյանին ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը ոչ թե մոռացել էր, այլ պարզապես չէր կարողանում գտնել նրա կալիբրի գործ, ամեն ինչ շատ նեղ էր թվում նրա համար: Վերջապես գտնվել է՝ ամբողջ երկու նախարարության անելիք, որով կզբաղվի մի կին նախկին նախարար:

 

Հետաքրքիր է այն, որ Սերժ Սարգսյանը նախագահի խորհրդական է նշանակում իր պաշտոնաթողությունից գրեթե մեկուկես ամիս առաջ: Ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ: Մարտի 2-ին նախագահ կընտրվի Արմեն Սարգսյանը: Խոշոր հաշվով ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանին նշանակում է ոչ թե իր, այլ Արմեն Սարգսյանի խորհրդական:

 

Համենայն դեպս հետաքրքիր է, մեկուկես ամիս անց ինչ է լինելու Սերժ Սարգսյանի խորհրդականների ճակատագիրը, Արմեն Սարգսյանն աշխատելու՞ է նրանց հետ, թե՞ ոչ: Այդպիսով կստացվի, որ մեկուկես ամիս անց Հասմիկ Պողոսյանը կարող է դարձյալ մնալ գործազուրկ:

 

Թեեւ, եթե Սերժ Սարգսյանը չմնա գործազուրկ եւ նախագահի պաշտոնը թողնելուց հետո առաջադրվի վարչապետի պաշտոնում, հավանական է, որ Հասմիկ Պողոսյանը վերահրամանագրվի վարչապետի խորհրդականի կարգավիճակում:

 

Բացառել պետք չէ իհարկե, որ Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի հետ պայմանավորվել է, որ խորհրդականները մնան իրենց տեղում: Համաձայնե՞լ է Արմեն Սարգսյանը, թե՞ ոչ: Աներկբա է, որ իրենց տեղում, այսինքն Արմեն Սարգսյանի շուրջ մնալու դեպքում նրանց կարգավիճակում բացարձակապես ավելորդ է լինելու խորհուրդ բառը, եւ մնալու է միայն ականը:

403


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում