Սարսափելի է, Խոշոր ու ողբերգական ավտովթար.. զոհերը հորեղբոր տղաներ են, իսկ վիրավորները՝ հայր ու որդի


-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերտաիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանները, Արմավիրի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և նույն վարչության Ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ: 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին:

Օպերատիվորեն ժամանել է նաև Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, ում հանձնարարականով կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

19.00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Mercedes» մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Ոռուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Նվեր Դիլանյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գևորգ Գրիգորյանը:

Վթարի հետևանքով Ն. Դիլանյանի ուղևորներ, համագյուղացիներ, 33-ամյա Մհեր Դիլանյանը և 18-ամյա Էրիկ Դիլանյանը տեղում մահացել են, իսկ 16-ամյա Մուկուչ Պետրոսյանը, 12-ամյա Սուրեն Գրիգորյանը, ովքեր վարորդի համագյուղացիներն են, և մյուս «Mercedes»-ի վարորդ Գ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներ, 50-ամյա Միխայել Մխիթարյանն ու 22-ամյա Արմեն Մխիթարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներ Մ. և Է. Դիլանյանները հորեղբոր տղաներ են, իսկ վիրավորներից Մ. և Ա. Մխիթարյանները՝ հայր ու որդի:

Պարզվել է նաև, որ Ն. Դիլանյանն ու նրա ուղևորները Արմավիր էին մեկնել իրենց ազգականի զինվորի երդմնակալության արարողությանը ներկա լինելու:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ն. Դիլանյանը մինչև հանդիպակած գոտի դուրս գալն ու Գ. Գրիգորյանի «Mercedes»-ին բախվելը հարվածել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Խառատյանի կողմից վարած «Գազել» մակնիշի 485 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

5429


Այս թեմայով