Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

-ը գրում է.

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 26-ի համարում

Երեկ առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում մի քանի տասնյակ ոստիկաններ քաղաքացիական հագուստով գրոհայինների հետ համատեղ հարձակվել են Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը, ով գրոհայինների հարձակումից տուժած քաղաքացիներից մեկն է, մեզ հետ զրույցում ասաց, որ գրոհը նախապես մշակված եւ լավ կազմակերպված է եղել: Նախ քաղաքացիական համազգեստով երկու անձ գրոհից մոտ 10 րոպե առաջ եկել են Հյուսիսային պողոտա եւ սկսել են ինչ-որ գրառումներ անել, ենթադրաբար նրանք գույքագրել եւ կազմել են գրոհի վերջնական պլանը: Այնուհետեւ, երբ այդ երկուսը հեռացել են, Ազատության հրապարակի Հյուսիսային պողոտայի կողմից մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ եւ քաղաքացիական համազգեստով անձինք են խմբվել: Իսկ քիչ անց Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկի սկզբնամասում ինչ-որ ոստիկանական ավտոմեքենա է կայանվել: Ինչպես հետո է պարզվել, ոստիկանական ավտոմեքենայի նպատակը եղել է նստացույցի մասնակիցների տեսադաշտը փակելը, քանի որ գրոհայինները հենց այդ ավտոմեքենայի հետեւից էլ հարձակվել են Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա: Մի քանի րոպեում գրոհայինները ջարդուփշուր են արել Հյուսիսային պողոտայում տեղադրված ստենդները, պոկել եւ պատռել են քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառները, առեւանգել են Հայ ազգային կոնգրեսի անդամակցության եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու վերաբերյալ ստորագրահավաքի տեղում եղած մի քանի տասնյակ բլանկները: Այսինքն` գրոհայինները սովորական վնասարարի հոգեբանությամբ ջարդուփշուր են արել այն ամենը, ինչը ընկել է ձեռքների տակ, եւ հետները վերցնելով` հեռացել են: Այդ ընթացքում ոստիկան-գրոհայինները հրել, քաշքշել եւ հայհոյել են իրենց գործողությունների դեմ բողոքող քաղաքացիներին:

Ականատեսների խոսքերով, ընդհանուր առմամբ հարձակմանը մասնակցել են շուրջ հարյուր գրոհայիններ, որոնց մի մասը կրել է ոստիկանի համազգեստ: Ավելին, կարելի է ասել, որ գրոհայինների բանակը հիմնականում բաղկացած է եղել ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներից:

Ի դեպ, գրոհայինների մի խումբ Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա հարձակվել է Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկի կողմից: Նրանք նաեւ հատուկ այնպիսի պահ են ընտրել, երբ Հյուսիսային պողոտայում ոչ մի լրագրող չի եղել, եւ արագ են գործել, որպեսզի հնարավորինս հետքեր չթողնեն:

Իսկ ովքե՞ր եւ ի՞նչ իրավական հիմքով են հարձակվել եւ ջարդուփշուր արել Հյուսիսային պողոտայի նստացույցի պաստառները ու ցուցատախտակները: Այս հարցի պատասխանը տվեցին ժամը 11.20-ի սահմաններում կրկին Հյուսիսային պողոտա ժամանած գրոհայիններին գլխավորող բարձրաստիճան ոստիկանները: Բացի այդ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից եւս փորձեցինք պարզաբանումներ ստանալ ոստիկանների գործողությունների հետ կապված: Այսպես, երկրորդ անգամ գրոհայինները եկան, քանի որ նստացույցի մասնակիցները երկու հին պաստառ հայտնաբերեցին եւ փակցրեցին սյունի վրա: Արդյունքում, գրոհայիններն անմիջապես հարձակվեցին դրանց վրա, այնպես, ինչպես կատաղած ցուլն է հարձակվում կարմիր լաթի վրա: Պաստառների դեմ անհաշտ պայքար հայտարարած գրոհայինների մեջ էին ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ հանրահայտ Արայիկ Պետրոսյանը եւ ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը: Պետրոսյանը, ինչպես հայտնի է, այն գրոհայինն է, որը հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում հարձակվել եւ ծեծի էր ենթարկել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանին: Իսկ Օսիպյանը մի քանի անգամ աչքի է ընկել նրանով, որ հանուն ավազակապետության մի քանի անգամ հանրահավաքների ժամանակ հարձակվել է ցուցարարների վրա: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նրանցից հետաքրքրվեց, թե գրոհայիններն ի՞նչ հիմքով են հարձակվել պաստառների վրա, ինչին ի պատասխան Պետրոսյանն ասաց, որ իրենք Հյուսիսային պողոտայի շենքերի սեփականատերերից բողոքներ են ստացել եւ դրանց հիման վրա եկել են տարածքը պաստառներից եւ ցուցատախտակներից ազատելու: Սակայն ո՞ւր է այն որոշումը, որը կայացրել են ոստիկանները, եւ որով էլ իրականացվել են համապատասխան գործողությունները, ինչպե՞ս պետք է պաստառների եւ ցուցատախտակների տերերը պարզեն, թե ով եւ ուր է տարել իրենց սեփականությունը: Այս հարցերի պատասխանը Պետրոսյանը ոչ միայն չուներ, այլ նաեւ նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրենք գործում են առանց համապատասխան որոշման: Ավելորդ է ասել, որ Փոստանջյանն այդպես էլ չկարողացավ Պետրոսյանից պարզել, թե այդ դեպքում իրենք ինչպես եւ ինչ իրավունքով են որպես ոստիկան ուժային գործողություն իրականացնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

4717


Այս թեմայով Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ են արձակվել Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ին Ռոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր Սողոմոնյան Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»