Որ դիրքում կխաղա Մխիթարյանը. «Արսենալի» մեկնարկային կազմը

-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում վաղը «Արսենալը» կհյուրընկալվի «Սուոնսիին»: Սպասվում է, որ այս խաղում լոնդոնյան թիմում նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Վերջին օրերի ընթացքում շատ են քննարկումները հայ ֆուտբոլիստի խաղային դիրքի վերաբերյալ: «Առայժմ չեմ կարող ասել, թե որ դիրքում կխաղա Մխիթարյանը: «Սուոնսիի» դեմ մրցավեճում նրա գործողությունների հարցով որոշում կկայացնենք երկուշաբթի: Մխիթարյանը պատրաստ է խաղալ, և երևում է, որ նա հիանալի խաղացող է: Ես նրան ավելի լավ ճանաչեցի 2-3 օրվա ընթացքում: Այս պահին կարող եմ ասել միայն, որ մարզումներին ինտենսիվ աշխատելով՝ Մխիթարյանի համար օպտիմալ դիրք ենք փնտրում»,- ասել էր Վենգերը:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ վաղը Մխիթարյանը կլինի «Արսենալի» մեկնարկային կազմում: Dailystar.co.uk-ի համաձայն՝ «Սուոնսիի» դեմ Վենգերը կպայքարի 4-3-3 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Պետեր Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Շկոդրան Մուստաֆին և Լորան Կոսելնին: Պաշտպանության աջ եզրում կլինի Հեկտոր Բելերինը, իսկ ձախ եզրում՝ Նաչո Մոնրեալը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կգործի Մոհամեդ Էլնենին:

Կիսապաշտպանության կենտրոնում էլ կխաղան Ջեք Ուլիշերն ու Գրանիտ Ջական: Մեսութ Օզիլը հանդես կգա հարձակման աջ, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ ձախ եզրում: Հարձակման կենտրոնում կխաղա Ալեքսանդր Լյակազետը: Փորձագետների հիմնական մասը վստահ է, որ վաղը Օզիլը և Մխիթարյանը միաժամանակ կլինեն մեկնարկային կազմում: Ավելին, սպասվում է, որ այս խաղացողների համագործակցությունը կտրուկ կփոխի «Արսենալի» խաղը կիսապաշտպանական և հարձակման օղակներում:

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Արսեն Վենգերը հաստատել էր, որ մտադիր է հայ ֆուտբոլիստի և Օզիլի միջև ակտիվ համագործակցություն ստեղծել: «Երկարաժամկետ պայմանագիր ենք կնքել Մխիթարյանի հետ և մտադիր ենք Օզիլին ևս թիմում պահել: Հուսով եմ՝ շուտով կկարողանանք երկարաձգել նրա հետ պայմանագիրը»,- նշել էր Վենգերը:

Վերջինս Մխիթարյանին խաղացնելով հարձակման ձախ եզրում՝ առաջին հերթին կփորձի լրացնել Ալեքսիս Սանչեսի բացը: Չիլիացին «Արսենալում» խաղում էր հենց հարձակման ձախ եզրում: Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշեց կրկին հարձակման ձախ եզրում: Մխիթարյան-Սանչես գործարքի ավարտից հետո Վենգերը կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանին կհաջողվի փոխարինել Ալեքսիս Սանչեսին: «Չիլիացու հեռանալը մեզ վրա ծանր չի նստի, քանզի դա հեռացում չէ, այլ փոխանակում: Ես ամենևին հիասթափված չեմ և պետք է նշեմ, որ Սանչեսի հեռանալը հեշտ կմարսենք: Այո, նա հեռանում է «Արսենալից», բայց միևնույն ժամանակ ստանում ենք մեկ այլ ֆուտբոլիստի, որը, կարծում եմ, կարող է փոխարինել Սանչեսին»,- ասել էր Վենգերը:

Տեղի ունեցած զարգացումները վկայում են, որ Մխիթարյանը «Արսենալում» ելույթները, ըստ ամենայնի, կսկսի հարձակման ձախ եզրում: Հիշենք, որ Մխիթարյանը հարձակման ձախ եզրում բազմիցս խաղացել է նաև Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Պորտուգալացի մասնագետը, սակայն, սովորաբար նախընտրում է 4-2-3-1 մարտավարությունը: Այս դասավորության պարագայում առջևի գծում եզրային խաղացողները ստիպված են լինում կատարել նաև պաշտպանական գործողություններ:

Ի տարբերություն Մոուրինյոյի՝ Վենգերը դավանում է անհամեմատ ավելի հարձակողական ֆուտբոլի: Եթե Մխիթարյանը իր պոտենցիալն օգտագործի որպես եզրային հարձակվող, կարծում ենք՝ «Արսենալի» առջևի գիծը էապես կշահի: Ի տարբերություն Սանչեսի՝ Մխիթարյանը օժտված է նաև խաղը կառուցելու ունակությամբ: Կարելի է ասել, որ կենտրոնական հարձակվող Լյակազետի համար ստեղծվել են իդեալական պայմաններ ռմբարկուական գործողությունները բարելավելու համար: Մասնավորապես այս ֆուտբոլիստը հայտնվել է հարձակողական մի եռանկյունում, որտեղ գլխավոր գործող անձինք են Մխիթարյանն ու Օզիլը:

Վաղվա խաղում բուքմեյքերները հավանական են համարում հայ ֆուտբոլիստի գոլ խփելու հավանականությունը։ Մասնավորապես, Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալը գնահատված է ընդամենը 2.2 գործակցով։ Նույն գործակիցն է սահմանված նաև «Արսենալի» մեկ այլ ներկայացուցչի՝ Դենի Ուելբեկի գոլի հեղինակ դառնալու համար։ Մյուս բոլոր ֆուտբոլիստների հաջողության հասնելու հավանականությունը ավելի ցածր է։

Այս մրցավեճում «Արսենալի» հաղթանակը գնահատված է 1.5, ոչ-ոքին՝ 4.2, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 6.7 գործակցով։ 24-րդ տուրից հետո «Արսենալը» 42 միավորով 6-րդն է, իսկ «Սուոնսին» 20 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

|
997


Այս թեմայով Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլն է խփել իտալական «Յուվենտուս»-ի կազմում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող ջրացատկորդներ` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Պատմություն կերտելով` «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. video