Ողբերգություն Գյումրիում. ՌԴ դեսպանության տարօրինակ արձագանքը


-ը գրում է.

Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Գյումրիի դեպքի կապակցությամբ, որի համար ձերբակալվել է ՌԴ ռազմակայանի զինծառայող: Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ պետք չէ քաղաքականացնել հարցը եւ պետք է թույլ տալ հայաստանյան քննիչներին կատարել իրենց աշխատանքը:

Թե ով է քաղաքականացնում հարցը, Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ չի նշվում: Հավանաբար հայտարարության հեղինակները նկատի ունեն այն համեմատությունը, որ հայկական մեդիա-փորձագիտական շրջանակներում անցկացվում է Պերմյակովի հայտնի դեպքի հետ:

Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ համեմատությունների առիթ պետք է չտալ ոչ թե դեսպանատան հայտարարություններով, այլ կոնկրետ գործով: Այսինքն, ռուսական կողմն է, որ պետք է ապահովի քննիչների լիարժեք աշխատանքի հնարավորությունը, որովհետեւ ռուսական կողմը միայն կարող է խոչընդոտել այն՝ ձերբակալվածին պահելով ռազմակայանում:

Ըստ այդմ, իրավիճակը դեսպանատան հայտարարության առնչությամբ կարող է հիշեցնել հայտնի խոսքը, երբ գողն ամենից բարձրն է գոռում բռնեք գողին, տվյալ դեպքում ամենից բարձր չքաղաքականացնելու կոչ են անում նրանք, ովքեր արդեն քաղաքականացրել են կամ պատրաստվում են քաղաքականացնել:

Եթե օրինակ այդօրինակ կոչերի փոխարեն հայտնվեն գործի ընթացքի մասին շատ հստակ տեղեկություններ, որոնք կպատասխանեն հանրության հարցադրումներին, ապա դա կլինի չքաղաքականացնելու լավագույն տարբերակը:

Ըստ այդմ այդքան էլ պարզ չէ, թե ում է ուղղված ՌԴ դեսպանատան հայտարարություն-կոչը:

Միեւնույն ժամանակ, չքաղաքականացնելու մտահոգությունը ռուսական կողմին պետք է հուզի ոչ թե «դեպքից դեպք», այլ միշտ, ենթադրելով քայլեր, որոնք լիովին կփոխեն ռուսական ռազմակայանի տեղակայման միջավայրն ու վարքագիծը, պարբերաբար տեղիք չտալով կարգապահական եւ ընդհուպ ողբերգական այնպիսի իրադարձությունների, որոնք իրենց մեջ պարունակում են չափազանց լուրջ վտանգներ թե Հայաստանի, թե նաեւ Ռուսաստանի համար:

Այստեղ անվտանգության խնդիրն ունի երկու ասպեկտ: Բանն այն չէ միայն, որ ՌԴ ռազմակայանի զինծառայողները կարող են վտանգ սպառնալ Հայաստանի քաղաքացիների կյանքին: Դա սպառնալիքի մի կողմն է միայն: Եթե ռուսական ռազմակայանի կոնտինգենտի վարքագիծն ու ռազմակայանի աշխատանքի միջավայրը հստակ կառավարելի չէ, ապա այդ ռազմակայանը կարող է թիրախ դառնալ երրորդ ուժերի համար, որոնք կարող են այդ միջոցով ստեղծել Հայաստանի ապակայունացման առիթներ, ստեղծել հայ-ռուսական բախման կամ ճգնաժամի վտանգներ, դրանով լուծելով իրենց հարցերը թե Հայաստանի, թե Ռուսաստանի հետ:

Այդպիսով, իբրեւ Հայաստանի ազգային անվտանգության հավելյալ ռեսուրս դիտարկվող ռազմակայանը վարքագծային հստակ կանոնակարգման եւ իրավական մեխանիզմների որոշակիության բացակայության ու եղածները չհարգելու պայմաններում իրականում Հայաստանի վտանգի հավելյալ աղբյուր է:

Բայց, նաեւ Ռուսաստանի համար սպառնալիք: Ըստ այդմ, հարցը պետք է քաղաքականացնել ու դարձնել հայ-ռուսական քաղաքական օրակարգի մաս, դրա հստակ լուծումներ ապահովելու եւ իրավիճակը փոխելու համար: Կամ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները կզբաղվեն այդ քաղաքական հարցով, կամ այլոց քաղաքականությունը կզբաղվի Հայաստանով ու Ռուսաստանով:


Այս թեմայով Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին «Պարո´ն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք թաղապետի ստատուսագիր տեղակալին». Դավիթ Խաժակյան Ապշած եմ, որ դուք, ազատական ուժ լինելով հանդերձ, հող եք նախապատրաստում, որ մենք գրաքննություն սահմանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին