Կորստի «թարս աճած» դիսկուրսը

-ը գրում է.

Խորհրդարանի արտահերթ ընտրության օրակարգային հարցի շուրջ ծավալվող դիսկուրսում ներկայումս խորհրդարանում ներկայացված ուժերի տեսանկյունից խնդիրը դիտարկվում է առավելապես կորստի հարթության վրա: Այսինքն՝ արտահերթ ընտրությունը կորուստ է խորհրդարանում ներկայացված գործնականում բոլոր ուժերի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ից բացի, մնացյալ բոլորն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր: Այն, որ բոլորն ունեն այդ խնդիրը, անհերքելի է: Դա առավել ցցուն կերպով դրսևորվեց Երևանի ավագանու ընտրությանը: Նախօրեին խոսել ենք այն մասին, որ խորհրդարանի ընտրությանը մի շարք հանգամանքների բերումով այդ խնդիրը դրսևորվելու է ավելի մեծ թափով, այսինքն` դրա խորացման հավանականությունը մեծ է:

[+++]

Սակայն իրավիճակն ու խնդիրները այդ շրջանակում դիտարկելը կլինի ոչ միայն նեղմտություն և քաղաքական կարճատեսություն, այլ պարզապես ճակատագրական սխալ՝ անուղղելի հետևանքով: Ընդ որում՝ խոսքը հենց այն քաղաքական ուժերի մասին է, որոնց առումով առկա է «կորստի դիսկուրսը»: Իհարկե, այստեղ հարկ է յուրաքանչյուրի դեպքում իրավիճակը դիտարկել առանձին-առանձին, քանի որ հեռանկարն ու մարտավարական միջնաժամկետից մինչև ռազմավարական երկարաժամկետ խնդիրները նրանցից յուրաքանչյուրի պարագայում տարբեր են, սակայն, խոշոր հաշվով, կա մի ընդհանրություն, իսկ առանձին դիտարկումները կանենք, թերևս, հետագայում, այլ առիթներով, որոնք կլինեն, անկասկած:

Ընդհանրությունն այն է, որ Հայաստանը կանգնած է քաղաքական համակարգի ձևավորման շեմին, այդ խնդրի առաջ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն, և հայաստանյան զարգացումները մտնեն արդեն գերազանցապես ինստիտուցիոնալ դաշտ: Ու թեև թվում է, որ ինչքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ է խորհրդարանում հայտնվելու մյուս ուժերի շանսը, այդուհանդերձ, կա մի նրբություն: Խորհրդարանում չհայտնվելը այդ ուժերի համար կարող է լինել ավելի հեռանկարային քաղաքական իրողություն, քան խորհրդարանում ներկայումս մնալը: Մնալու պարագայում կա հետևյալ հարցը. իսկ քաղաքական իրականությունը շրջվելո՞ւ է դեպի հետ, և գալո՞ւ է այն համակարգը, որում սովոր էին տեղավորվել և գործել խորհրդարանական ուժերը: Եթե այո, ապա դիմադրելը, խորհրդարանի տեղի «իրավունքը» պահպանելը գուցե և կարող է լինել իմաստավորված: Բայց դա կարող է քաղաքական, կամ թեկուզ խմբային առումով իմաստավորված լինել բացառապես այդ դեպքում, ոչ մի այլ պարագայում: Ըստ այդմ՝ գործնականում բոլոր ուժերը, և յուրաքանչյուրը առանձին-առանձին պետք է թերևս պատասխան տա այդ հարցին՝ իսկ հնարավո՞ր է այդպիսի շրջադարձ: Եվ նաև մեկ այլ հարց՝ իսկ այդպիսի շրջադարձի վրա «խաղադրույք» կատարելու դեպքում ի՞նչ հնարավոր քաղաքական հետևանք կարող է ունենալ վրիպումը: Ակնհայտ է, որ հետևանքը պարզապես սխալ կամ բացթողում չէ, որ կլինի, այլ կունենա բավականին խորքային ազդեցություն տվյալ քաղաքական միավորի հասարակական-քաղաքական ապագայի համար, կամ պարզապես կբացառի այդ ապագան հեռանկարում:

Ըստ այդմ՝ խնդիրը հենց տվյալ դաշտում է և իրականում, քաղաքական պահի խորքային համատեքստում կորստաբերը խորհրդարանի լուծարման հարցում Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության գնալը չէ, որքան էլ հետո բարդ է լինելու անցնել նոր խորհրդարան: Կորստաբերը, իրականում, լինելու է հին խորհրդարանի պահպանության փորձը, որովհետև Հայաստանում քաղաքական գործունեության իրական դաշտը բացվելու է ոչ թե խորհրդարանի լուծարումից հետո մինչև նոր ընտրություն ընկած ժամանակահատվածը՝ լինի այն մի քանի շաբաթ, թե մի քանի ամիս, այլ նոր խորհրդարանի ընտրությունից հետո արդեն հնգամյա ժամանակահատվածում: Եվ ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այդ ժամանակահատվածում արդեն խորհրդարանում գտնվող և չգտնվող ուժերը, խոշոր հաշվով, լինելու են առնվազն հավասար պայմաններում, եթե չասենք, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով առավելություն կարող են ստանալ նույնիսկ ուժերը, որոնք խորհրդարանում չեն՝ լինի հին, թե նոր: Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի ներքաղաքական իրողությունների ներկան գործնականում զբաղեցված է լիուլի, այն զբաղեցրել է թավշյա հեղափոխության թիմը, և ներկայում տեղի համար պայքարը, այն էլ խորհրդարանի տեղի տեսքով, ըստ էության հավասար կլինի հողմաղացների դեմ պայքարի: Հեռանկարում կշահեն այն ուժերը, որոնք այսօրվանից արդեն ունակ կլինեն նայել փոքր-ինչ ավելի հեռու և բովանդակային պայքար մղել հաջորդ ընտրական փուլի համար:

|
288


Այս թեմայով Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները ԿԵցցեք, Մանե Թանդիլյան, ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ինչ որոշում է կայացրել Գյումրու մանկատուն հանձնած երկվորյակների համար Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանում նոր պաշտոն ունի