Կասպյան կոնվեցիայի հայկական մարտահրավերը․ի՞նչ է պետք է մտահոգի Հայաստանին

-ը գրում է.

Այսօր Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը համատեղ աշխատանքի լավ օրինակ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը թույլ կտա ապահովելու սպառազինությունների հավասարակշռություն Կասպից ծովում, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության համար կմիավորի հնգյակի ջանքերը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ փաստաթուղթը հիմք կհանդիսանա հետագայում որոշակիացնելու յուրաքանչյուրի չափաբաժինը Կասպից ծովում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը պատմական է անվանել՝ հավելելով, որ Բաքուն լավ հարաբերություններ է կառուցել մերձկասպյան երկրների հետ՝ հիմնված փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա։

Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվել է 1996թ-ին և կողմերը փաստորեն պատմական համաձայնության հանգեցին գործընթացի մեկնարկից 22 տարի անց: Հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր:

Փորձագետները հռչակագիրն անվանում են Կասպից ծովի «սահմանադրություն»: Այսօր ստորագրված պատմական փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Գագաթաժողովին երկրների ղեկավարները քննարկել են նաև «կասպյան հնգյակի» շրջանակներում զարգացման առաջնահերթությունները՝ մինչև այդ ձևաչափով հաջորդ հանդիպումն ընկած ժամանակահատվածում:

Առաջիկա օրերին, անշուշտ, փորձագետները մանրամասն կվերլուծեն կասպյան համաձայնագրի աշխարհաքաղաքական նշանակությունն ու հետևանքները, դրա կիրառական հետևանքները մեր տարածաշրջանի համար։

Առաջին տպավորությամբ՝ համաձայնագիրը ռազմավարական իմաստով ավելի շատ ներդաշնակ է Մոսկվայի ու Թեհրանի շահերին․ Ռուսաստանն ու Իրանը կնքված համաձայնագրից ստացել են առավելագույն աշխարհաքաղաքական օգուտները։ Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը․ այս դրույթը, որն ամրագրվել է այսօր ստորագրված հռչակագրում, առաջնահերթություն է Մոսկվայի ու Թեհրանի համար ու բնավ պատահական չէ դրա հատուկ շեշտադրումը Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի ելույթներում։

Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում է տեղի ունեցել, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս համատեքստում միանգամայն արժանահավատ է թվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն պնդումը, թե փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին՝ ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։ Համենայն դեպս, հռչակագրից ստացված տպավորությունը այդպիսն է, մյուս կողմից՝ կասպյան գլոբալ նախագծերը, այդ թվում՝ Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որը կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքը, կարող են իրականություն դառնալ միայն բոլոր կողմերի կոնսենսուսի, համաձայնության արդյունքում, ինչը ենթադրում է կասպյան հինգ երկրների միջև բազմաշերտ ու բազմահարթակ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտություն։

Կոնկրետ այս համաձայնագիրը Հայաստանին ավելի շատ պետք է հուզի հենց տարածաշրջանային նոր իրողությունների, ինստիտուտների ձևավորման համատեքստում։ Ինստիտուցիոնալ նոր հարթակ է ձևավորվում՝ արդեն կոնկրետ հռչակագրով ֆորմալիզացված, որտեղ Ադրբեջանն արդյունավետ համագործակցություն է ծավալելու մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ու հարևան Իրանի հետ։ Կասպիցի կարգավիճակի հարցը բարդագույններից մեկն էր այս տարածաշրջանում․ եթե հինգ երկրները կարողացան գալ կոնսենսուսի, ապա նրանց միավորում է աշխարհաքաղաքական, ռեգիոնալ հարցերի ավելի լայն համատեքստ։ Ինչքան շատ է Ադրբեջանն ինտեգրվում համագործակցության արդյունավետ նախագծերի, որտեղ առանցքային դերակատարություն ունեն Ռուսաստանն ու Իրանը, այնքան մեծանում է հավանականությունը, որ գլոբալ համաձայնությունների համատեքստում կարող է ներառվել նաև ԼՂ հարցը, որը կենսական է Հայաստանի համար։

Խնդիրը ոչ թե Կասպից ծովն է կամ նրա հարուստ էներգակիրները, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվում էին՝ անկախ այսօրվա հռչակագրի ստորագրվել-չստորագրվելուց, այլ այն, որ Ադրբեջանը զգալի մեծացնում է իր սուբեկտությունը, տարածաշրջանի ազդեցիկ երկրների հետ ընդհանուր օրակարգ ձևավորելուն միտված հարթակները։ Եթե ավելի մատչելի ձևակերպենք, ապա Ադրբեջանը դառնում է ավելի կարևոր երկիր Ռուսաստանի, Իրանի համար, ինչն անուղղակի ազդեցություն է ունենալու ԼՂ կարգավորման գործընթացի, տարածաշրջանային անվտանգային միջավայրի համար։

Այս համատեքստում խիստ էական է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունենա հստակ կոնցեպցիա։ Հեղափոխությունը պահպանեց արտաքին քաղաքականության վեկտորալ ստատուս-քվոն, սակայն կարևոր է, որ այդ քաղաքականությունն ունենա նոր բովանդակություն, որի հիմքում դրվեն Հայաստանի սուբեկտության մեծացման, նախաձեռնողականության առաջնահերթությունները։ Հայաստանի կառավարությունը պետք է հստակ գիտակցի, որ քաղաքականության բաժանումը ներքին և արտաքին սահմանագծով, մեծ հաշվով՝ հնացած կոնցեպտ է․պետական քաղաքականությունը ընդհանուր է՝ միասնական օրակարգով ու տրամաբանությամբ, դրա դրսորումները ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումներում և արտաքին հարաբերություններում պետք է լինեն փոխլրացնող և ներդաշնակ։ Հակառակ պարագայում՝ արտաքին հարաբերություններում Հայաստանը չի կարող խուսափել այսօրվա ճգնաժամերից, որոնք առկա են Եվրամիության ու Ռուսաստանի հետ հարաբերություններում, օրակարգային վակուումից, որը տեղ ունի հայ-վրացական, հայ-իրանական հարաբերություններում, և այսպես կարող ենք շարունակել՝ ամբողջացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության անարդյունավետությունը, որի հիմքերն ավելի շատ թաքնված են անցած քսան տարիների անպատասխանատու քաղաքականության, քան վերջին երեք ամիսների անփորձության ու թափթփվածության խորքերում։

Հայաստանի կոնցեպտուալ արտաքին քաղաքականության բացակայությունը մեծացնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության ռեսուրսները, մանավանդ՝ Բաքուն մշտապես, ի տարբերություն Հայաստանի, վարել է բավականին ինքնուրույն և ինքնաբավ արտաքին քաղաքականություն։

Ահա, թե ինչն է, որ առաջին հերթին պետք է մտահոգի Հայաստանին։

|
2483


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)