Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը

Արդեն երկու շաբաթ է, ինչ ընդդիմություն-իշխանություն երկխոսության թիրախում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Շատերին զարմացրեց այն կոնսենսուսը, որը ձևավորվեց այս երկու բևեռների միջև հատկապես Մարտի 1-ի դեպքերի հարցում: Ինչպես հիշում ենք, ՀՀԿ-ն չընդդիմացավ ԵԼՔ-ի հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն: Շատերի կողմից սա դիտվեց իբրև իշխանության ապահովագրումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից: Կարմիր թելի պես անցնում էր նաև այն, որ իշխանությունները վախենում են Սարգսյանի վարչապետության հնարավոր խոչընդոտներից, որոնք կարող է հարուցել Ռոբերտ Քոչարյանը:

Սակայն երեկ կարծես թե ամեն ինչ ընկավ իր տեղը: Դատախազությունը մերժել է ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին իբրև վկա հարցաքննելու միջնորդությունը: Դատախազությունը հիմնավորում է, որ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան: Սա անչափ կանխատեսելի ընթացք էր, եթե հաշվի առնենք , որ Սարգսյան-Քոչարյան հակասությունները մտացածին են, իսկ ՀՀԿ-ի՝ վերջին շրջանում դրսևորվող պահվածքը ոչ այլ ինչ է, քան նախապես գծված սցենար: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունների բացակայությունը փաստեց դատախազության պատասխանը: Եթե այդ հակասությունները լինեին իրական՝ Սարգսյանին ոչինչ չէր խանգարի գնալ մինչև վերջ և խաղն ավարտել իր օգտին: Իսկ ի՞նչ ստացավ Մարտի 1-ի թեմայի և իր անվան շահարկումից Ռոբերտ Քոչարյանը: Նախ՝ նա հնարավորություն ունեցավ խոսնակի շուրթերով արդարացնելու իրեն, անգամ մատնանշեց Մարտի 1-ի իրական կազմակերպիչներին և սադրողներին, արդյունքում նա նույնիսկ չի հարցաքննվի:

Այսինքն՝ Քոչարյանի համար ստեղծված իրավիճակը միանգամայն ձեռնտու էր: Իհարկե, երկրորդ նախագահի հայտնությունը կարելի է նաև հետախուզական անվանել, քանի որ տևական լռությունից հետո հանրային կարծիքի շոշափման անհրաժեշտություն է առաջացել: Մյուս կողմից, սա փայլուն հանարավորություն էր՝ որոշ ժամանակ փակել Մարտի 1-ի թեման և կանխել հետագա հարցադրումները: Սարգսյանի գործոնը և Սարգսյանը, իբրև երկրի ղեկավար, գուցեև ամենացանկալին է Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ այդ պարագայում նա կարող է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական երաշխիքներ ունենալ, այսինքն՝ պահպանել այն ստատուս-քվոն, որն առկա է պաշտոնը լքելու օրից սկսած: Անգամ եթե Քոչարյանն ունենա վերադառնալու ցանկություն, ամենասահուն կերպով այդ ծրագիրը կարող է իրականացնել միայն ու միայն Սերժ Սարգսյանը: Քոչարյանն այսօր չունի առկա ստատուս-քվոն փոփոխելու քիչ թե շատ հիմնավոր պատճառ, նման պատճառ չունեն նաև իշխանությունները, և արդեն իսկ հասկանալի է, որ բարձրացված աղմուկը կլռեցվի արդեն ՀՀԿ կողմից ԱԺ լիագումար նիստում ԵԼՔ-ի նախագծին դեմ քվեարկելով: Այո, Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել են, որ նա չի մասնակցի ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, քանի որ նախօրոք ծրագրված այցով գտնվելու է արտերկրում: Մամուլը շտապեց նաև այստեղ հակասություններ որոնել, ենթադրելով, թե այսկերպ Քոչարյանն իր վերաբերմունքն է արտահայտում ՀՀԿ կողմից ձևավորված թողտվության մթնոլորտի հանդեպ, որում շահարկվում է իր անունը: Սակայն այստեղ պետք է հիշատակել այն փաստը, որ վերջին 10 տարիների բոլոր կարևորագույն իրադարձությունների օրերին Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է արտերկրում:

Ստելլա Խաչատրյան


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել