Ինչ է կատարվել. ԱԱԾ-ն խառնեց պլանները. Ռոբերտ Քոչարյանը մնաց մենակ

-ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է ԱԱԾ տարածած տեղեկատվությանը: ԱԱԾ-ն տեսանյութ էր տարածել, որը վերաբերում էր Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ունեցվածքին,

ընդհանուր մոտ 90 միլիոն դոլար արժեքով երեք շքեղ հյուրանոցներին, որ նա կառուցել է պաշտոնավարման ընթացքում: ԱԱԾ տեսանյութում «կարմիր թելով» անցնում էր երկրորդ նախագահը, եւ գործնականում այդ տեսանյութը հենց նրա մասին էր:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ անհաջողության մատնվելով Քոչարյանին Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրելու առումով, իրավապահները փորձում են նրա անձեռնմխելիությունը շրջանցել կոռուպցիոն հանցանքների մեջ մեղադրելու ճանապարհով: Սողոմոնյանը ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ առնչություն չունի այդ հյուրանոցներին եւ իր պաշտոնավարման ընթացքում մասնակցել է տարբեր հյուրանոցների բացման, որպես տնտեսական զարգացման խթան:

Հետաքրքիր արձագանք է: Ինչպես Մարտի 1-ի գործում, այդպես էլ այժմ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չունի ոչ մի կապ: Ինչպես այդ գործում, այս դեպքում էլ նա փաստորեն պատասխանատվությունը թողնում է այն պաշտոնյաների վրա, որոնք թերեւս առանց նրա իմացության ոչ միայն մեկ քաղաքացու հանդեպ ուժային գործողություն չէին անի, այլեւ մեկ լումա իսկ չէին յուրացնի իրենց պաշտոնական լիազորությունից դուրս:

Ստացվում է, որ երկրորդ նախագահը այդպիսով «հանձնում» է այն պաշտոնյաներին, որոնց փաստացի երաշխիք է եղել նախագահության ընթացքում եւ որոնք գործել են այդ երաշխիքով:

Երկրորդ նախագահը դա անկասկած անում է ամենեւին ոչ հաճույքով: Խնդիրն այն է, որ նա քաղաքական վերադարձի մասին հայտարարել է հենց այն հույսով, որ մարդիկ, ովքեր ուզում են վերականգնել հին համակարգը, կարող են հույս դնել իր վրա: Բայց հիմա ստացվում է, որ նա հանձնում է մարդկանց, որոնք իր նախագահության ընթացքում գործել են հենց իր վրա հույս դնելով:

Բայց երկրորդ նախագահը ստիպված է «հանձնել» նրանց, եւ այդ իմաստով նա չի կարողանում հայտնվել իրադարձություններ թելադրողի դերում, թեեւ փորձում է, հասկանալով, որ դրա շնորհիվ է հնարավոր փոքր ինչ մեղմել հրապարակային քաղաքականության իր համար բարդ ռեժիմը: Սակայն հենց նա փորձում է թելադրել, անցնել առաջ, պարզվում է, որ իրադարձությունները դարձյալ նրանից առաջ են:

Այդ իմաստով ԱԱԾ գործողությունները կարծես թե դարձյալ որոշակիորեն խառնել են Ռոբերտ Քոչարյանի պլանների հերթականությունը : Մյուս կողմից, հնարավոր է, որ նրա պլանները խառնվել են ոչ միայն ԱԱԾ իրավական գործընթացի առումով, այլ նաեւ քաղաքական հարթության վրա:

Փաստորեն, ընդամենը հաշված օրերի ընթացքում զարգացան իրադարձություններ, որոնք արդեն գրեթե արձանագրված փաստ են դարձրել դեկտեմբերի առաջին կեսին խորհրդարանի արտահերթ ընտրության անցկացումը: Այդ հարցում ճակատագրական նշանակություն ունեցավ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում աղմկոտ օրենքի ընդունման փորձը, որը հասավ նպատակին, սակայն ունեցավ տրամագծորեն հակառակ էֆեկտ: Արտահերթի երկարաձգման նպատակ ունեցող օրենքը փաստացի մոտեցրեց արտահերթը:

Ռոբերտ Քոչարյանը Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կմասնակցի խորհրդարանի արտահերթ ընտրությանը, բայց դեռ պարզ չէ, թե ինչ ֆորմատով: Քոչարյանի համար դա բարդ եւ ժամանակ պահանջող հարց է, բայց ստացվում է, որ նրան չի մնում ժամանակ: Հազիվ թե մեկուկես ամիսների ընթացքում երկրորդ նախագահը հասցնի լուծել ընտրությանը մասնակցության հարցը: Դրա համար նրանից կպահանջվի ավելի արագ եւ աշխույժ գործողություններ, մինչդեռ որքան նա աշխույժ է հրապարակային դաշտում, այդքան այդ աշխուժությունը բացասական էֆեկտ է ունենում նրա համար:

Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանին փաստացի առաջադրվեց երկու ճակատ՝ երկու «բլից-կրիգով», իրավական եւ քաղաքական: Ու դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահն օբյեկտիվորեն չունի նույնիսկ կես ճակատով արագ գործողությունների հնարավորություն եւ քաղաքական ռեսուրսներ:

Անշուշտ, ներկայում նա կպատրաստի պատասխան, սակայն այդ իմաստով էլ երկրորդ նախագահը հայտնվել է բարդ վիճակում, քանի որ պատասխաններն առայժմ եթե չեն աշխատում նրա դեմ, համենայն դեպս չեն էլ տալիս որեւէ շոշափելի օգուտ:

Երկրորդ նախագահն ակնկալում էր, որ քաղաքական ուժերը եւ ուժային կենտրոնները կնստեն բանակցության իր հետ, բայց թե ներքին ուժերը, թե արտաքին կենտրոնները բանակցության են նստել վարչապետ Փաշինյանի հետ:

Ավելին, նույնիսկ իրավապահները կարծես թե այլեւս իր հետ չեն «բանակցության» նստում, այլ իրեն առնչվող պաշտոնյաների կամ մերձավոր շրջանակի: Ռոբերտ Քոչարյանին այդ իմաստով կարծես թե թողնում են բոլորովին մենակ: Նախ նրան «բերեցին» հրապարակային քաղաքականություն՝ մի տեղ, ուր նա իրեն ամենեւին չէր կարող հարմարավետ զգալ, որովհետեւ դա իր տեղը չէր, իսկ հետո նրան այդ հրապարակի կենտրոնում թողնում են բոլորովին մենակ:

Ո՞րն է լինելու երրորդ փուլը: Եվ արդյոք իր որեւէ քայլով դա էլ արագացնելու է հենց երկրորդ նախագահը:

1080


Այս թեմայով