«Հայ ժողովուրդն ինձ ու ընտանիքիս ընդունել է ամենաբարձր մակարդակով». ընտանիքով Ադրբեջանից փախած թալիշ Շահին Միրզոև

-ը գրում է.

168.am-ը գրում է.

Թալիշ բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը, ով օրեր առաջ իր ընտանիքով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով, «Թալիշ ինֆո» լրատվական գործակալության խմբագրությանը նամակ է ուղարկել, որում ներկայացրել է Երևանում իրեն ու ընտանիքին տրամադրած լավ պայմանները:

Միրզոևը տեղեկացրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու ընտանիքին ընդունել է ամենաբարձր մակարդակով: Ակտիվիստի կնոջը, ով ծանր հիվանդ է, բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման նպատակով: «Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ապահովել են Շահին Միրզոևին և նրա երկու անչափահաս երեխաներին հարմար կացարանով և կապի միջոցներով: Այս պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի հովանու ներքո»,- գրում է «Թալիշ ինֆո»-ն:

Մեջբերելով Միրզոևի նամակի եզրափակիչ հատվածը` գործակալությունը հայտնում է, որ բլոգերի խոսքով` իր ընտանիքին և առհասարակ թալիշներին Հայաստանում վերաբերում են հատուկ հարգանքով: Նա և երեխաները իրենց լավ ու ապահով են զգում, շատ գոհ են իրենց նկատմամբ առկա վերաբերմունքից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին: «Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»,- ասվում է հայտարարության մեջ։

|
1098


Այս թեմայով Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ են արձակվել Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ին Ռոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր Սողոմոնյան Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»