Չկա որևէ մեկը, որ կարող է ասել՝ «Ժառանգությունը» իշխանությունների հետ առևտրի մեջ է եղել

-ը գրում է.

Մեր զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը

 Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Երևանի նախորդ ավագանիում, որին «Բարև Երևան» դաշինքն էր մասնակցել, «Ժառանգությունը» դեռ որոշակի ռեսուրս ուներ և կարողացավ խմբակցություն ձևավորել ավագանիում։ Այդ ռեսուրսն այսօր պահպանվո՞ւմ է և ինչ մրցակցություն եք ակնկալում այս ընտրություններին՝ հաշվի առնելով, որ այսօրվա իշխանության նկատմամբ կա մեծ վստահություն և հնարավոր է, որ հենց նրանց թեկնածուն հաղթի։

Ես չէի ասի, որ նախորդ ընտրությունները հեշտ էին «Ժառանգության» համար, որովհետև ընտրությունները տեղի ունեցան մի ժամանակահատվածում, երբ «Ժառանգությանն» էլի քարկոծում էին, երևի ավելի շատ, քան այսօր։ Այնուամենայնիվ, ակնհայտ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անիմաստ արյունահեղությունից խուսափեց և մենք ունեցանք մի իրավիճակ, երբ ճիշտ է՝ իրավիճակը հաջողության չհասավ, բայց դա հաջորդ պայքարների համար նախադրյալ հանդիսացավ։ Բացի այդ, մենք կարողացանք խուսափել հերթական արյունահեղությունից։ Դա տեղի ունեցավ բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի խոհեմության և աչալրջության շնորհիվ։

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, չեմ կարող հակադրվել փաստին, որ Նիկոլ Փաշինյանն անվերապահ աջակցություն ունի հասարակության ճնշող մեծամասնության մոտ։ Բնականաբար, այն թեկնածուն, ով արժանացել է իր համակրանքին՝ Հայկ Մարությանը, բավականին մեծ պահուստ ունի վստահության։ Բայց մի հանգամանք կա, որը մեզ թույլ է տալիս պայքարել. դա այն է, որ «Ժառանգությունն» ինքը ևս առաջին իսկ օրվանից ոչ միայն նախկինում, այլև այս պրոցեսի ժամանակ մասնակից է եղել, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը, և ես, և մեր երիտասարդները, և մյուս վարչականները։ Դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան, ուստիև նաև հաշվի առնելով մեր մի փոքր քաղաքական դրական հետագիծը, նաև մեր ծրագրերը, որոնք կներկայացնենք քաղաքացիներին, դրանք որոշակի առումով կգնահատվեն մեր քաղաքացիների կողմից, և մենք մրցակցային դաշտում որոշակի առավելություն հնարավոր է ունենանք։

Նշում եք «Ժառանգության» առաջնորդի լայնախոհությունը, որ արյունահեղություն չեղավ։ Դուք կարծում եք, որ այդ ժամանակ իշխանությունը գնալու էր արյունահեղությա՞ն։ Այդ դեպքում ո՞րն է տարբերությունը, որ այս անգամ չգնաց։

Դա պատմաբանների խնդիրն է, թե ինչ տեղի ունեցավ։ Այն, ինչ տեղի ունեցավ, դրական էր, ճիշտ էր, դրական էր, որ տեղի ունեցավ, և նաև դա է պատճառը, որ «Ժառանգությունը» ամեն կերպ մասնակից է եղել, հիմա էլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը, բայց ցանկացած պարագայում, քաղաքականության մեջ բոլոր ձվերը մեկ արկղում դնելը սխալ է։ Որպես այս փոփոխություններին մասնակցած ուժ, մենք փորձում ենք ամբողջացնել այդ ամենը։

Դուք գիտեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ճիշտ կլինի միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների։ Մենք մինչև վերջ սպասում ենք, որ դա տեղի կունենա։ Թեև դա չեղավ, բայց դա չի նշանակում, որ մենք որպես ընդդիմադիր ուժ, որը տարիներ շարունակ պաշտպանել է քաղաքացուն, տարիներ շարունակ այլընտրանքային մոտեցումներ է ներկայացրել, ինքը ներկայացել է որպես այլընտրանքային քաղաքական ուժ, այսօր մենք այդ այլընտրանքայնությունը պետք է ցույց տանք նորից։ Ուստի, մենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ մասնակցում ենք ընտրություններին։ Սա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ պայքարը չի, սա «Ժառանգության» հերթական մասնակցությունն է ընտրական գործընթացին, այլընտրանքային ծրագրերի ներկայացումն է։

Այստեղ մենք պետք է խոսենք ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ճանապարհի մասին, այլև «Ժառանգության» անցած ճանապարհի մասին, իսկ այդ ճանապարհը ոչ ոք չի կարող ասել, որ այն բացասական է։ Չկա որևէ մեկը, որ կարող է ասել՝ «Ժառանգությունը» իշխանությունների հետ առևտրի մեջ է եղել, կամ քաղաքացիներին ստորադասել է իր անձնական շահին։ Դրա համար մենք պարզ ճակատով մասնակցում ենք այս ընտրություններին, բարեկամական մրցակցություն ենք իրականացնում։ Մենք նաև մեր այլընտրանքային առաջարկները կներկայացնենք, որը մեր քաղաքացիների կողմից կողջունվի։ Մենք գնում ենք ընտրությունների «ժպտա» կարգախոսով։

Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի հռչակած անցումային կառավարություն ստեղծելու, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Արդյոք այս հարցը քննարկվել է «Ժառանգությունում»։

Դուք գիտեք, որ մեր վերջին համագումարի ժամանակ «Ժառանգությունն» ընդունեց մի դրույթ, որով առաջարկում էի Սահմանադրության ամբողջական փոփոխություն անել։ Այսինքն՝ առաջարկվում էր միայն սահմանադրական փոփոխություն, որը պետք է իրականացվի Սահմանադիր ժողովի միջոցով։ Մենք Սահմանադիր ժողով հրավիրելու կողմնակից ենք։ Ակնհայտորեն անցումային արդարադատությունը կարևոր քայլ է, և դրա մասին մեր շատ գործընկերներ են բարձրաձայնել։ Նաև Ժառանգությունն ունի իր պատկերացումները, մենք նույնիսկ դատախազի ինստիտուտն ենք բարձրաձայնել։

Սա ևս անցումային արդարադատության տարր կարելի է դիտել։ Եվ մեզ համար ակնհայտ է, որ արդարադատությունն աշխատացնելու խնդիր ունենք։ Գոյություն ունի մի պարզ փաստ. դատարանները Հայաստանում, ցավոք սրտի, մինչ այժմ ոչ արդար են եղել և ոչ էլ անաչառ։ Եվ այն, որ այս իշխանությունը չի հրահանգավորում, դա դեռ չի նշանակում, որ այդ դատարաններն անկախ են, դա նշանակում է, որ դատարանները մինչև այժմ նախորդ իշխանություններից են կախված։ Եվ երկրորդ՝ անաչառ չեն էլ կարող լինել, որովհետև դատավորների մեծամասնությունը նշանակվել է կամ կոռուպցիայի արդյունքում կամ ինչ-որ ազգակցական կամ հովանավորչական տարբերակով։

Մենք նույնիսկ տեսել եք, որ երիտասարդ աղջկան նշանակել են դատավոր և ինքը այդ դատարանում գործավարի աշխատանքից այլ աշխատանքի  չպետք է հավակներ։ Ակնհայտ է, որ մենք անկախ և անաչառ դատարաններ ստեղծելու խնդիր ունենք։ Եվ դա միայն կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ մենք ունենանք նոր սահմանադրություն, որը կերաշխավորի և դատարանների անկախությունը, և անաչառություւնը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասած սահմանադրական փոփոխություններով արտահերթ  ընտրություններ անցկացնելու  հանգամանքին, ապա սա ևս կարելի է դիտարկել, որևէ խնդիր չեմ տեսնում։ Եվ կարծում եմ՝ կարող է լինել այն տարբերակը, որ հենց վարչապետը նախաձեռնի հանրաքվե և հանրաքվեով, ժողովրդի ուղիղ ընտրությամբ ընդունվի որոշում, որ պետք է տեղի ունենան այսինչ ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է  նաև հանրաքվեների միջոցով։ Եվ գիտենք, որ ցանկացած իրավական որոշում, որն ընդունվում է  ինչ-որ խնդրի վերաբերյալ կամ ինչ-որ անձի շուրջ, հինն այլևս չի գործում։ Եվ եթե հանրաքվե տեղի ունենա բացառապես արտահերթ ընտրությունների հետ կապված, կարծում եմ,  բացարձակ պետք չէ, որ սահմանադրության որևէ հոդված փոխենք։ Սա ուղիղ ժողովրդաիշխանության ակտ կլինի։ Եվ կարծում եմ տարբեր միջոցներ կան արտահերթ ընտրությունների գնալու։

924


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա