Աննա Հակոբյան. «Սերն օգնում է ամեն ինչ հաղթահարել»


-ը գրում է.

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը սովոր է վազվզել, ակտիվ կենսակերպ վարել, ամեն ինչին քննադատական աչքով նայել, այլ կերպ ասած՝ լրագրող է: Նրա անցած ճանապարհը ցույց է տալիս, որ նաեւ բավականին ուժեղ է․

30 տարին նոր էր բոլորել, երբ ամուսինը հայտնվեց ճաղերի ետեւում։ Իր ուսերին ոչ միայն ամուսնուն աջակցելն էր, այլեւ 3 երեխայի խնամքը, իր ու ամուսնու մեծ «սիրո»՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ղեկավարումը։ 

 

Մեդիամաքսի ոչ պաշտոնական զրույցների շարքում այս անգամ հանդիպել ենք Աննա Հակոբյանին։

 

Լրագրող Առաջին տիկինը

 

Աննա Հակոբյանը մեծագույն սիրով է խոսում իր մասնագիտության՝ լրագրության մասին։ Ասում է՝ կարոտում է մասնագիտական գործունեության ժամանակաշրջանն ու ամեն վայրկյան սպասում, թե երբ է կարողանալու ամբողջ ծավալով վերադառնալ «Հայկական ժամանակ»։ Առաջին տիկնոջ կարգավիճակով պայմանավորված գործունեություն ծավալելու մասին մի առիթով ասել էր, որ չէր ցանկանա ստանձնել այդ դերը, բայց հրաժարվելու համար բավարար հիմքեր չուներ։ Հիմա նա շեշտում է՝ մեծ սիրով է անում նաեւ այս աշխատանքը․«Ես իսկապես սիրով եմ անում այս ամենը, որովհետեւ սա ուղղակիորեն կապված է մեր երկրի, մեր պետության հետ։ Եթե ես սիրում էի իմ աշխատանքը, պատկերացրեք՝ որքան եմ սիրում մեր երկիրը։ Առավել մեծ սիրով եմ անում այս պարտականությունները։ Նախկին աշխատանքս շատ եմ կարոտում, բայց սա իսկապես սիրով եմ անում»։

 

Նոր կարգավիճակն ենթադրում է նոր առօրյա եւ կենսակերպ։ Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ իր կյանքն ու առօրյան փոխվել են բացառապես պայմանավորված աշխատանքային պարտականություններով։

 

 

«Իմ եւ մեր ընտանիքի մասնավոր կյանքում ոչինչ չի փոխվել։ Իմ կյանքում փոխվել է այն, որ հիմա հանդիպում եմ մարդկանց, որոնց չէի հանդիպում, երբ խմբագիր ու լրագրող էի, կամ հանդիպում էի, բայց բոլորովին այլ դիրքերում էինք գտնվում։ Հիմա շփումներն այլ վեկտոր ունեն։ Կյանքը մասնավոր տեսանկյունից բացարձակապես նույնն է, եթե չհաշվենք աշխատանքով եւ կարգավիճակով պայմանավորված տեխնիկական մի քանի հարց»։ 

 

Աննա Հակոբյանը

 

Դիտարկմանը, որ աշխատանքային առօրյան կյանքի բաղկացուցիչ մասն է, նա արձագանքում է. «Ես փորձում եմ առավելագույն օգուտ տալ եւ, իհարկե, չեմ կարող թաքցնել, որ ժամանակ առ ժամանակ նաեւ շատ հոգնում եմ, որովհետեւ այդ աշխատանքային առօրյան բավականին խիտ է, ամբողջ օրը զբաղված եմ լինում ամենատարբեր հանդիպումներով, այցերով։ Սակայն որքան էլ դա ինձ համար կարող է հոգնեցուցիչ լինել, ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ համար գտնել այն հիմնավորումը, որն ինձ կստիպի հրաժարվել կամ սահմանափակել գործունեությունս,- ասում է նա ու նկատում, որ լրագրողական աշխատանքի ընթացքում հասցրել է կոփվել, այնպես որ ունի այդ փորձը,- եթե նախկինում այնպիսի մասնագիտություն կամ գրաֆիկ ունենայի, որ մի քանի ժամ աշխատեի, գուցե հիմա այս տեմպը չլիներ, բայց, քանի որ սովոր եմ, ոչ մի կերպ չէի կարող հրաժարվել»։ 

Առաջին տիկնոջ աշխատասենյակն ու տիկնիկների հավաքածուն

Աննա Հակոբյանի ախատասենյակում ուշադրությունս առաջին հերթին գրավեց նրա աշխատասեղանի վերեւում կախված տիկնիկը։ Սա միանգամից թեթեւություն է հաղորդում սենյակին։ Հետո նայում ես մյուս կողմն ու նկատում, որ առաջին տիկինը տիկնիկների հավաքածու ունի։ 

 

 

«Իմ կերպարով ստեղծված տիկնիկը նվեր եմ ստացել, շատ հաճելի ու յուրահատուկ նվեր էր։ Սիրով ընդունեցի եւ կախեցի այդտեղ։ Քանի որ այլ տիկնիկներ էլ ստացանք, միտք առաջացավ նաեւ տիկնիկների հավաքածու ունենալ, որը դեռ կլրացնեմ»,- ասում է նա։

 

Այս աշխատասենյակը նախկինում պատկանել է Ռիտա Սարգսյանին։ Աննա Հակոբյանի խոսքով, աշխատասենյակում մեծ փոփոխություններ չի արել, գրքեր է դասավորել, ինչ-որ բաներ ավելացրել։ «Կուզեի ոճական փոփոխություններ անել, իմ մինիմալիստական ոճով աշխատասենյակ ունենալ, ուղիղ հակապատկերը նրա, ինչ հիմա կա»,- նշում է նա, ապա հավելում, որ այս տարբերակին էլ է հարմարվել։

Աննա Հակոբյանի ոճային փոփոխությունը

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Աննա Հակոբյանի ոճում որոշակի փոփոխություններ նկատելի դարձան, սակայն կտրուկ փոփոխություններից նա խուսափեց․«Ի՞նչ իմաստ ունի ոճային մեծ փոփոխության գնալ։ Ես դա լավ չեմ հասկանում։ Համեմատության ինչ-որ նշաձող կա, որը պետք է եւ փորձում եմ պահել, բայց մեծ հաշվով նաեւ չեմ ուզում համեմատվել, որովհետեւ յուրաքանչուր երկիր ունի իր հնարավորությունները։ Հատուկ փոփոխություններն օդից չեն ընկնում, պետք են հատուկ հնարավորություններ, ինչը մեր պարագայում նաեւ դժվար է պատկերացնել։ Իմաստ էլ չեմ տեսնում հատուկ այդ ուղղությամբ աշխատելու եւ հնարավորություններ ստեղծելու։ Կարծում եմ, դա այդքան կարեւոր հարց չէ, որքան մարդիկ սիրում են կարեւորել, բայց հասկանալով, թե որքան ուշադրություն է գրավում՝ փորձում եմ նաեւ այդ իմաստով չհիասթափեցնել մարդկանց»։

Աննա Հակոբյանը

 

Առաջին տիկինը, այնուամենայնիվ, աշխատում է ոճաբանի հետ, քանի որ եւ՛ զբաղվածությունն է մեծ, եւ՛ մասնագիտական հայացքն ամեն հարցում կարեւոր է։ Միաժամանակ, սա չի ենթադրում, որ բոլոր խորհուրդները միանշանակ ընդունում է։ «Ի սկզբանե ես ներկայացրել եմ, որ ցանկացած իրավիճակում եւ ցանկացած հագուստով պետք է առաջին հերթին հարմարավետ զգամ ինձ, լինեմ այնպիսին, ինչպիսին կամ։ Փորձում ենք ամեն ինչ անել դրա շրջանակում»,- ընդգծում է նա։

 

Տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջին դեմքերն ու նրանց ընտանիքի անդամները հաճախ էտիկետի, պրոտոկոլի մաս կազմող վարվելակերպի վերաբերյալ դասեր են անցնում։ Առաջին տիկնոջից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հարցով դիմել է մասնագետի. «Առաջին այցից առաջ հանդիպում ունեցա պրոտոկոլային հայտնի մասնագետներից մեկի հետ եւ խնդրեցի ընդհանուր գծերով ինձ ներկայացնել այն ամենը, ինչ պետք է իմանամ։ Այդ մի հանդիպումն է եղել»։

 

Պետության ղեկավարի կնոջ կարգավիճակը ճիշտ չի ընկալվում 

 

Իր կարգավիճակն Աննա Հակոբյանն առաջնորդ կնոջ դիրք չի համարում, ասում է՝ երբեւէ չի էլ ձգտել առաջնորդ լինել. «Ես ունեմ կարգավիճակ, որը կարող եմ եւ պարտավոր եմ ծառայեցնել երկրին, պետությանը, ժողովրդին»։ 

 

Նրա խոսքով, նոր կարգավիճակը որեւէ կերպ չի ազդել իր տեսակի վրա։ «Ես դրա մասին շատ եմ մտածել, որովհետեւ կարծում եմ՝ մարդկային թուլություններն անժխտելի են։ Յուրաքանչյուր մարդու սպառնում է նման վտանգ, եթե հատուկ ջանք եւ նպատակ չունենա, այդ իրավիճակը ուշ, թե շուտ կհասնի յուրաքանչուրին, որովհետեւ դրան նպաստող օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքները շատ են։ Կարծում եմ, երբեք չեմ մոռանա այդ մասին, որովհետեւ ի սկզբանե մտածել եմ եւ այդ խնդիրը դրել իմ առջեւ։ Առայժմ չեմ համաձայնի, որ այս կարգավիճակը կամ իմ ծավալած գործունեությունն ազդում են իմ տեսակի վրա, հուսով եմ՝ երբեւէ չեն էլ ազդի։ Մյուս կողմից, չեմ կարող չասել, որ առնվազն մեր երկրում կա այդ ընկալումը։ Դա բնորոշ է նաեւ հետխորհրդային բոլոր երկրներին։ Պետության ղեկավարի կնոջ կարգավիճակը, ըստ էության, ձեւավորված չէ եւ ճիշտ չի ընկալվում, ճիշտ արձագանք չի ստանում հանրության, քաղաքական դաշտի կողմից։ Պատկերացումը բավականին խեղաթյուրված է։ Ես փորձում եմ զբաղվել այն իրական գործով, որով կարող է զբաղվել մարդը այս կարգավիճակի բերումով,- ասում է նա ու ընդգծում, որ իր կարգավիճակը չի ենթադրում ընդհատակյա որեւէ գործունեություն, որեւէ դերակատարում,- այս մասին ես առաջին իսկ օրվանից խոսել եմ, թեեւ ընկալումը հենց այդպիսին է։ Գոնե իմ տեսակետից դա վիրավորական ընկալում է։ Այս կարգավիճակը տալիս է հնարավորություն նպաստ բերելու, ինչ-որ օգտակար բաներ անելու, եւ դա բաց գործունեություն է»։

 

 

Աննա Հակոբյանը

 

Առաջին տիկնոջ խոսքով, «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը շատ են, բոլորն էլ առաջնահերթ, որեւէ մեկն առանձնացնել չի կարող։ «Հիմնադրամի գործունեության ընթացքում անհետաձգելիության հիմքով ենք առանձնացնելու ծրագրերը, որովհետեւ ցանկը շատ մեծ է, եւ բոլորն առաջնահերթություն են։ Անհամբեր եմ, թե երբ ենք սկսելու իրականացման փուլը»,- ընդգծում է նա, իսկ գործունեության իմաստով առանձնացնում «Կանայք հանուն խաղաղության» արշավը։

 

Ռիտա Սարգսյանի հետ հանդիպում չի կայացել

 

Ավելի վաղ Աննա Հակոբյանն ասել էր, որ նախկին առաջին տիկնոջ ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար հանդիպում է ունեցել նրա օգնականի հետ։ Ամիսներ անց նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանդիպում ունեցել է անձամբ Ռիտա Սարգսյանի հետ, նախատեսվո՞ւմ է ծրագրերի շարունակականություն։ «Չեմ հանդիպել եւ շարունակականություն չի եղել,- ասում է նա, ապա պարզաբանում,- այն առաջին քայլը, որ ես պետք է անեի այդ շարունակականությունն ապահովելու համար, արեցի, բայց դա նույն արձագանքը չստացավ, եւ ես այլեւս անելիք չունեի»։ 

 

Ուղիղ հարցադրմանը՝ Ռիտա Սարգսյանը չի՞ ցանկացել հանդիպել իր հետ, նա պատասխանում է․«Չգիտեմ, չեմ կարող ուղիղ ասել՝ որտեղ ով չցանկացավ, ինչպես եղավ։ Ես գիտեմ, որ ես առաջարկեցի, առաջարկությունը չընդունվեց, թե ինչ պատճառներով, չգիտեմ»։

 

Նոր շրջապատ եւ ընկերներ

 

Հասարակական ընկալման մեջ պաշտոնատար անձինք, նրանց կանայք պետք է կարողանան ստել։ Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ առայժմ ստելու անհրաժեշտություն չի եղել, հուսով է՝ չի էլ լինի։ Ինչ վերաբերում է դիվանագետ լինելուն,  նրա կարծիքով, իր դեպքում սա եւս մեծ անհրաժեշտություն չէ. «Այն դաշտը, որտեղ ես եմ գործունեություն ծավալում, մի քիչ հեռու է այդ ամենից, եթե հաշվի չառնենք պաշտոնական շփումներն այլ երկրների ղեկավարների, նրանց կանանց հետ։ Սակայն այդտեղ նույնպես մեծ դիվանագիտություն չենք կիրառում։ Եթե դիվանագիտությամբ առաջնորդվեինք, չէին լինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ճաշի հայտնի տեսարանները»։

 

Առաջին տիկնոջից հետաքրքրվեցինք՝ հասցրե՞լ է ընկերներ ձեռք բերել շփման նոր օղակներում, օտարերկրյա ղեկավարների կանանց շրջանում․«Առնվազն կարող եմ ասել, որ մի քանի հոգու հետ բավականին պարարտ հող է ստեղծվել, որպեսզի մեր հարաբերությունները զարգանան որպես ընկերական, բայց թույլ տվեք անուններ չնշել»։

 

Աննա Հակոբյանի կյանքի ամենաբարդ փուլը՝ ամուսնու ազատազրկումը

 

 

Նիկոլ Փաշինյանը երկար է քայլել դեպի իշխանափոխություն։ Կինն ամեն հարցում աջակցել է նրան։ Ասում է՝ այս ընթացքում եւ՛ հիասթափություններ են եղել, եւ՛ ճգնաժամեր, ինչպես լինում է յուրաքանչյուրի ճանապարհին, անկախ նրանից, թե ինչով է զբաղվում. «Չեմ կարող պատկերացնել մի մասնագիտություն, աշխատանք, որն ուղիղ գծով գնում է դեպի վերելք։ Նույնիսկ լրագրողական աշխատանքում պարբերաբար ստեղծագործական ճգնաժամեր եմ ունեցել, հաղթահարել դրանք, հիասթափություններ եմ ունեցել առաջին հերթին ինքս ինձնից։ Դա բնական է եւ եղել է նաեւ այս երկար ճանապարհի քաղաքական զարգացումների եւ իրադարձությունների ամենատարբեր փուլերում»։

 

 

Աննա Հակոբյանը

 

Այս ընտանիքի համար ամենածանր շրջանը թերեւս 2008-ի մարտի 1-ն ու դրան հաջորդած իրադարձություններն էին։ Նիկոլ Փաշինյանը նախ ընդհատակում էր, հետո՝ անազատության մեջ։ Այս փուլը ձգվեց ավելի քան 3 տարի։ 2008-ին Աննա Հակոբյանը 30 տարեկան էր, ամուսիններն արդեն 3 երեխա ունեին՝ 9 տարեկան Մարիամը, 8 տարեկան Աշոտը եւ 7 ամսական Շուշանը։ Մարտի 1-ից մոտ մեկուկես տարի անց Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացավ դատախազություն, եւ նրան կալանավորեցին։ 

 

Սա մի շրջան է, որի մասին Աննա Հակոբյանը ոչ միայն խոսել չի սիրում, այլեւ հիշել։ Երեխաներին խնամել, ամուսնուն ուժ տալ, «Հայկական ժամանակը» ղեկավարել… 30-ամյա կնոջ համար սա բավականին բարդ փուլ էր, որը հաղթահարեց միայն տարիներ անց։ «Դժվարությամբ հաղթահարեցի այդ փուլը: Ըստ էության, հաղթահարեցի միայն ամուսնուս վերադարձով եւ նույնիսկ դրանից որոշ ժամանակ անց, որովհետեւ էմոցիոնալ այն տրավմաները, որ ստացել էի, այն գերհոգնածությունը, որ «վաստակել» էի այդ ամբողջ փուլի ընթացքում, բավականին մեծ հետք թողեցին ինձ վրա։ Անգամ իր վերադարձից հետո երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ես կազդուրվեմ»,- հիշում է նա։

 

Երեխաներին հոգեբանորեն ճիշտ նախապատրաստելն էլ իր բարդությունն ուներ։ Ասում է՝ իր տրավմաները նաեւ դրա արդյունքում էին. «Ես փորձում էի երեխաներին հոգեբանական իմաստով հնարավորինս զերծ պահել սթրեսից։ Ձեւավորման իմաստով երեխաները նուրբ տարիքում էին, հատկապես որդուս դեպքում, երբ այդ տարիքում հայրիկը  բացակայում էր… Ես փորձում էի ամեն կերպ լրացնել, նրանց հետ շատ զրուցել, հոգեբանական պատնեշներ ստեղծել՝ արտաքին աշխարհի միջամտությունից կամ հարվածներից իրենց զերծ պահելու համար, նրանց մեջ ձեւավորել հոգեբանական ինքնապաշտպանական պատնեշներ։ Հուսով եմ, ինչ-որ չափով հաջողվել է, բայց ասել, որ 100 տոկոսով է հաջողվել, նույնպես չեմ կարող, որովհետեւ իրենք նույնպես բավականին բարդ փուլ են անցել։ Հեշտ չէր, բայց ես անում էի այն, ինչ հնարավոր էր այդ շրջանում։ Ես մենակ չէի, որովհետեւ իմ ամուսինը նույնպես շատ մեծ ջանքեր էր ներդնում երեխաների մեջ՝ թեկուզ անազատության մեջ լինելով։ Ինքն ամբողջությամբ մասնակցում էր ընթացքին, նույնպես զրուցում էր երեխաների հետ եւ հոգեբանորեն նրանց պատրաստում տարբեր իրավիճակների, բացատրում, թե ինչու է այդպես ստացվել»։

 

Անվանարկումներից մինչեւ «հերոսի» կոչում ու երեխաների պաշտպանությունը

 

Հիմա մեծ վստահություն եւ ոգեւորություն կա Փաշինյանի ու իր ընտանիքի հանդեպ։  Սակայն տարիների ընթացքում քիչ չեն եղել նաեւ անվանարկումներն ու վիրավորանքները։ Այս փուլերում եւս պետք էր պաշտպանել երեխաներին։

 

«Այդ փուլում կնախընտրեի, որ ինֆորմացիան ուղղակի հասանելի չլիներ երեխաներին, նրանք չբախվեին դրան, բայց մեծերն արդեն բավականին մեծ էին, եւ դժվար էր նրանց զերծ պահել ինֆորմացիայից։ Ես բացատրում էի, որ ամեն մասնագիտություն ունի իր յուրահատկությունները։ Քաղաքական գործչի դեպքում յուրահատկություններից մեկն այն է, որ այդ գործչին մի խումբ մարդիկ սիրում են, մի խումբ մարդիկ՝ ոչ, մի խումբ մարդիկ հայհոյում են, միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես։ Ես իրենց բացատրում էի, որ դրան պետք է մոտենալ ոչ թե անձնական տեսակետից, այլ որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս»։

 

Հիմա նրանց ընտանիքի հանդեպ դրական վերաբերմունքը մեծ է, սակայն որպես մայր Աննան փորձում է չկորցնել աչալրջությունը։ Ասում է՝ բոլորովին վերջերս թարմացրել է այս խոսակցությունն երեխաների հետ։ «Իհարկե, հիմա դրական էմոցիաները շատ են, եւ երեխաները տեսնում են, թե ինչպես են մարդիկ սիրում իրենց հայրիկին, բայց, իմ կարծիքով, երեխայի համար դա նույնպես տրավմա է։ Այդ մասին նույնպես խոսել եմ եւ ասել, որ վաղը կարող է իրավիճակ փոխվել, հիշեցրել եմ, որ ինչ-որ փուլերում այլ կերպ էր, վատ արտահայտություններ, նույնիսկ հայհոյանքներ կային։ Նորից հիշեցրել եմ, որ ինչպես նա, այնպես էլ սա ընդունեն որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, որովհետեւ համոզված եմ, որ երեխաների մոտ կարող է նույնիսկ խանդ առաջանալ իրենց հայրիկի նկատմամբ այդքան սիրո դրսեւորման պարագայում։ Դա ինձ համար նույնպես խնդիր է»։

 

 

Աննա Հակոբյանը

 

Աննա Հակոբյանը զգուշանում է ասել, որ հիմա վայելում են ժողովրդական սիրո փուլը։ «Ասել, որ հիմա վայելում ենք, ճիշտ չի լինի։ Դա չես համարի վայելք, որովհետեւ ավելի շատ պարտավորեցնող եւ վախեցնող է։ Բավականին լարվածություն է առաջացնում, չես ուզում երբեւէ հիասթափեցնել մարդկանց»,- ասում է նա ու հավելում, որ առօրյայում այդ լարվածությունը չի խանգարում, բայց առկա է։

 

Զինվորի մայրը

 

Անկախ նրանից՝ զինվորն երկրի առաջին դեմքի, թե այլ անձի որդի է, մոր համար սա բարդ ժամանակաշրջան է։ Որդին՝ Աշոտը ծառայում է Արցախի Պաշտպանության բանակում։ Թեեւ զրույցի ընթացքում անդրադարձանք իր համար զգացմունքային տարբեր փուլերի, սա միակ դեպքն էր, երբ հարցը լսելուց հետո Աննան երկար լռեց…

 

«Իսկապես, տարբերություն չկա, թե զինվորի մայրն ով է։ Ես ենթադրում եմ, որ իմ որդու ծառայությունը տանում եմ ճիշտ այնպես, ինչպես ցանկացած մայր։ Մյուս կողմից, ես ուղղակի հավատում եմ, որ լավագույն պայմանները կստեղծվեն ծառայության համար, նրանք զերծ կմնան վտանգներից։ Դա իմ ամենամեծ ցանկությունն է»,- ասում է նա, ապա հավելում, որ որդու հետ զրուցելու շատ ժամանակ ու առիթ չի ունենում, չեն հասցնում հաճախ այցելել նրան։ Այն, ինչ պատմում է որդու հետ զրույցներից, բնութագրական է բոլոր մայրերի համար․«Հարցնում եմ՝ ինչպես է իրեն զգում, հո չի մրսել, պետք է տաք հագնվի, որպեսզի եղանակի փոփոխության ժամանակ չմրսի, չհիվանդանա։ Ինքն էլ ինչ-որ բաներ է ուզում, ինչպես այլ զինվորներ ուզում են ընտանիքներից։ Այդ հարցը կարծեմ դեռ չի լուծվել»,- նկատում է մայրը։ 

 

Պարբերաբար լուրեր են տարածվում, թե վարչապետի որդին իրականում չի ծառայում այնտեղ, որտեղ հայտարարվել էր։ Մայրն այս հարցին մեծ ուշադրություն չի դարձնում, ասում է՝ յուրաքանչյուր լրագրող շատ արագ կարող է պարզել, թե ինչպես եւ ինչ պայմաններում է ծառայում իրենց տղան։ Ինչ վերաբերում է հարցին, թե նման ասեկոսեներն ինչպես են ազդում Աշոտի վրա, մայրն ասում է, որ գուցե իրեն էլ է հասնում նման ինֆորմացիա, բայց դրանից սրտնեղելու կարիք չկա. «Քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի անդամների շուրջ կարող են լինել զանազան խոսակցություններ, կարեւորը՝ դու գիտես, թե որն է ճշմարտությունը»։

 

Հանրային ընտանիքի սահմանափակումները

 

Վարչապետի կարգավիճակն անդրադառնում է նաեւ ընտանիքի անդամներ վրա։ Աննա Հակոբյանն ասում է՝  ինչ-որ տեխնիկական հարցերով պայմանավորված երեխաները, միեւնույն է, շարունակում են դիսկոմֆորտ զգալ, սակայն ինքը փորձում է այնպես անել, որ դրանք հաղթահարելի լինեն։

 

Ավագ դուստրը՝ Մարիամը սովորում էր արտերկրում, սակայն մայրիկի խնդրանքով ժամանակավորապես վերադարձել է Հայաստան։ Այսպես նա երեխաներից գոնե մեկից է հեռու։ «Մարիամն ավարտել է բակալավրիատը, խնդրել եմ գոնե մեկ տարի մնա տանը, նոր մտածի մագիստրատուրայի մասին, որովհետեւ շատ շուտ էր, ինքը տարիքով փոքր էր, երբ գնաց, եւ ինձ համար դժվար էր։ Կարոտին դիմանում էի, բայց հիմա կուզեի ընդմիջում լիներ»,- ասում է մայրը։ Նա պատմում է, որ դուստրն ուսումից հետո փոքր-ինչ հանգստացել է, հետո դիմել տարբեր կառույցներ՝ աշխատանք կամ կամավորական գործ գտնելու համար, մասնակցել է մի քանի հարցազրույցի եւ, ի վերջո, կամավոր դարձել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ 

 

Դիտարկմանը, որ հիմա շատերը նրան ընկալում են որպես վարչապետի դստեր եւ հաշվի չեն առնում՝ տվյալ տեղում հայտնվելու համար հարցազրույց կամ ճանապարհ անցել է, թե ոչ, առաջին տիկինն արձագանքեց, որ դա մի հարց է, որը դստերը շատ է անհանգստացնում․«Շատ ենք խոսել այդ մասին։ Իհարկե, դա կա հատկապես մեր երկրում, բայց, եթե մենք հեղափոխություն ենք անում, բոլոր շերտերում պետք է անենք այդ հեղափոխությունը։ Ես իրեն ասել եմ, որ պետք չէ անհանգստանալ, ժամանակի ընթացքում իր գործողությունների, գիտելիքները իրացնելու արդյունքում ամենն իր տեղը կընկնի։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ այդպես կլինի»։

 

Երկրորդ դուստրը բլոգերությամբ է զբաղվում։ Առաջին տիկինը վստահեցնում է՝ 11-ամյա դստեր առջեւ սահմանափակումներ չեն դրել՝ ինչ ցույց տալ, ինչ՝ ոչ․«Ես նույնիսկ չեմ հասցնում ուշադիր հետեւել, թե ինչ է հրապարակում եւ ինչ է անում։ Այդ առումով աշխատում ենք երեխաներին ավելորդ չկաշկանդել։ Իրականում ինքը մինչեւ հիմա արել է այն, ինչ ցանկացել է, սահմանափակումներ չեն եղել»։

 

Ընտանիքի միասնության հիմքում սերն է

 

Վարչապետի բազմազավակ ընտանիքը շատերի համար օրինակ է դարձել։ Առաջին տիկինը նկատում է, որ յուրաքանչյուր ընտանիքում բարդություններ լինում են, բայց դրանք հաղթահարելի են, եթե կա սեր․«Ամուսնական կյանքում բարդություններ միշտ լինում են՝ անկախ նրանից, թե ինչով են զբաղվում ամուսինները, ինչ մասնագիտություն եւ գաղափարներ ունեն։ Բայց կա մի բան, որն օգնում է ամեն ինչ հաղթահարել, դա սերն է։ Միասնության այլ հիմքեր չեն լինում, ամեն ինչ բխում է սիրուց»։

 

Ծանրաբեռնվածության պատճառով երեխաներին ավելի քիչ ժամանակ հատկացնելն Աննա Հակոբյանի կյանքում նոր երեւույթ չէ, միաժամանակ նա շեշտում է՝ կարեւոր չէ՝ ինչքան ժամանակ է մայրն անցկացնում երեխայի հետ, կարեւորն անցկացրած ժամանակի որակն է․«Ես կարող էի ընդհանրապես չաշխատել, տանը լինել ամբողջ օրվա ընթացքում, բայց լինեի, օրինակ, հոգեբանական ծանր վիճակում եւ երեխային չհատկացնեի այն ուշադրությունը, որը պետք է։ Կարող ես աշխատել, բայց այն մեկ ժամը, որ անցկացնում ես երեխայի հետ, այնպիսի բովանդակությամբ ու որակով լցնել, որ դա ծածկի բաց թողնվածը։ Ես փորձում եմ գնալ երկրորդ ճանապարհով»։

 

Աննա Հակոբյանը

 

Երեխաները տարիքային տարբեր փուլերում են, եւ յուրաքանչյուրն անհատական ժամանակ է պահանջում։ Չնայած բազմազբաղ առօրյային՝ Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ հասցնում են ժամանակ հատկացնել նաեւ ընտանեկան ժամանցին։ 

 

«Այն «պատուհանը», որ հայտնվում է, փորձում ենք անցկացնել ընտանիքով։ Ամեն առիթ օգտագործում ենք դրա համար։ Մինչեւ հիմա հաջողվել է։ Ասել, որ դա բավարար չափով է, չենք կարող, բայց նաեւ կարողանում ենք իրար հետ շփումից լիցքավորվել եւ կարոտն առնել։ Ունենք ընտանեկան ժամանցի մի շարք տարբերակներ։ Սիրում ենք տարբեր տեղեր հաճախել, քաղաքում զբոսնել, հատուկ կերակրատեսակներ համտեսել, փոքրիկին այգի տանել։ Այս ընթացքում եւ՛ վարչապետը, եւ՛ ես փորձում ենք դա անել, ու ստացվում է։ Էլ չասեմ, որ տանը Արփիի հետ ուղղակի նստում ենք գորգին ու խաղում։ Ամեն օր չէ, բայց դա էլ ենք հասցնում»,- ընդգծում է նա։

 

Հանրային միջավայրում լինելու, բայց ընտանեկան ժամանցը վայելելու հետ կապված խնդիրներ կան, բայց նրանք դրան ըմբռնմամբ են մոտենում. «Այն մարդիկ, որոնք մեզ մոտենում են, այն ջերմությունն ու սերը, որ ստանում ենք, փոխլրացնում են դա»։

 

Ամուսնուս ազդեցությունն ինձ վրա շատ մեծ է

 

Ասում են՝ հաղթող տղամարդկանց թիկունքում ուժեղ կանայք են կանգնած։ Աննա Հակոբյանը զգուշանում է գերագնահատել իր դերը։ «Այնքան շատ է ասվել այդ խոսքը, նույնիսկ չգիտեմ՝ որտեղից է բխում, չեմ էլ մտածել այդ մասին։ Չեմ կարող ասել, որ դա գործոն է այն տղամարդու դեպքում, որի կողքին ես եմ։ Իր տեսակը շատ դոմինանտ ու ուժեղ է։ Ես ինձ վրա իսկապես մեծ ազդեցություն եմ կրում իմ ամուսնուց՝ բոլոր իմաստներով։ Նույնը չեմ կարող ասել իր մասին, որովհետեւ տեսակով դոմինանտ է։ Ասել, որ իր հաջողությունների գրավականն ես եմ, ճիշտ չի լինի, որովհետեւ ես այնպիսին եմ, ինչպիսին ինքն ուզում է, որ լինեմ։ Ես բոլոր իմաստներով մեծապես իր ազդեցությունն եմ կրում՝ սկսած մասնագիտականից»։

 

Քննադատությունն ու դրա ազդեցությունը

 

Աննա Հակոբյանը փորձում է հետեւել քննադատությանը եւ դրանից քաղել օգտակարը։ Նա հստակ գիտի՝ այնպես չէ, որ արձագանքները միայն դրական են։ Ծանոթանում է դրանց, գնահատում՝ որտեղից է գալիս բացասականը, ինչ նպատակով է արվել քննադատությունը, եւ, եթե համարում է, որ այն հիմնավոր է, ընդունում է. «Մաղում եմ բոլոր այն գործոնները, որոնցով կարող է պայմանավորված լինել բացասական կարծիքը ուղղակի մանիպուլյացիայի համար, մյուս բոլոր դեպքերին շատ լուրջ եմ վերաբերում»։

 

Առաջին տիկինը ոչ միայն ասում է, որ ընդունում է առողջ քննադատությունը, այլեւ օրինակ մտաբերում. «Այս կարգավիճակում իմ առաջին հանդիպումներից մեկը ԵՊՀ  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ էր, որից հետո վերջերս կյանքից հեռացած լրագրող Կիմա Եղիազարյանը Ֆեյսբուքում գրել էր՝ ինչպե՞ս կարելի է խոսել «ա»-երով, ոչ թե «է»-երով։ Չէի նկատել, «տնավարի» էի մոտեցել, նաեւ այդպես էի խոսել։ Ես շատ լուրջ վերաբերեցի դրան, ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ կրկնի»։

 

 «Հայկական ժամանակը» ու քննադատ Աննա Հակոբյանը

 

«Հայկական ժամանակը» նրանց ընտանիքի գրեթե հասակակիցն է։ Ամուսիններին ճանաչողները հաճախ ասում են, որ ընտանիքի հինգերորդ երեխան է։ Օրերս թիմը տոնեց թերթի 20-ամյակը։ Սա ոչ միայն հոբելյան էր, այլեւ ամուսինների տարիների աշխատանքի հավաստիքը։

 

Աննա Հակոբյանը կարոտով է խոսում լրագրողական եւ խմբագրական գործունեության մասին, թեեւ հիմա էլ փորձում է հնարավորինս ժամանակ տրամադրել ՀԺ-ին։ «Առօրյայից շարունակում եմ կտրված մնալ այն իմաստով, որ չեմ մասնակցում առօրյա  աշխատանքին, բայց ամեն օր՝ չնչին բացառություններով լինում եմ «Հայկական ժամանակում»։ Ավելի հաճախ օրս սկսվում է խմբագրությունով։ Միեւնույն է, որոշում եմ թերթի եւ կայքի ռազմավարական ուղղությունները։ Ժամանակին ամեն օր նաեւ ժողով էի անում, հիմա ընդհատվել է, բայց վստահ եմ, որ շուտով կվերականգնեմ ժողովները»,- ասում է նա, ապա հավելում, որ հարազատ լրատվամիջոցի 20-ամյակի հետ կապված զգացողությունները շատ տարբեր են։ 

 

 

Աննա Հակոբյանը

 

Նրա խոսքով, մեր մամուլը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը» հեղափոխությունից հետո նոր Հայաստանում աշխատելու իմաստով լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ «Չեմ կարող ասել, որ նախկինում խնդիրներ չունեինք, բայց հիմա խնդիրների վեկտորը փոխվել է, եւ մենք պետք է վերադիրքավորվենք նոր պայմաններում աշխատելու համար։ Դա շատ կարեւոր է, շատ ջանքեր եւ աշխատանք է պահանջում։ Կուզեմ շուտով վերադառնալ եւ անձամբ աշխատել այդ ուղղությամբ,- ասում է նա եւ նոր խնդիրների տիրույթում շեշտում,- մամուլը՝ առնվազն ազատ եւ ընդդիմադիր մամուլը հեշտությամբ քննադատում է կառավարությանը, որը խորապես թաթախված է կոռուպցիոն ռիսկերի մեջ, երկրում անարդարություն է, մարդու իրավունքների ոտնահարման շատ դեպքեր կան։ Բայց երբ իրավիճակ է փոխվում, եւ ամենաբարձր մակարդակով նման խնդիրների դեմ պայքար է սկսվում, նախկինի պես հնարավոր չէ քննադատել դա, բայց անաչառ եւ ընդդիմադիր դիրքերը պահպանելու համար, միեւնույն է, պետք է քննադատել։ Կարծում եմ, այդտեղ է ամենալուրջ մարտահրավերը, որովհետեւ դա ենթադրում է ավելի պրոֆեսիոնալ աշխատանք, որպես լրագրող՝ ավելի շատ աշխատանք սեփական անձի վրա, որպեսզի քննադատությունը լինի շատ ավելի հիմնավոր»։

 

Աննա Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով, լրագրողների քննադատության թիրախները նվազե՞լ են․«Հարցն այն չէ, որ քննադատության թիրախները նվազել են, առանձին անհատների դեպքում միշտ էլ կարելի է գտնել, բայց բուն իշխանության, կառավարության գործունեությունը քննադատելու համար ավելի լուրջ աշխատանք, հարցերի էության մեջ խորանալ է պահանջվում։ Հակառակ դեպքում, կարելի է մակերեսային քննադատություն անել, ինչին հիմա ամենաշատը կարելի է հանդիպել, բայց դա այն չէ, ինչը պատիվ է բերում մամուլին»։

 

Լրագրողներին հատուկ է քննադատական մոտեցում ունենալը։ Ասում են՝ դա նույնիսկ առօրյայի անբաժան մասն է դառնում։ Տարիներ շարունակ կառավարությանը քննադատած եւ այսօր իշխանական թեւում հայտնված լրագրողից հետաքրքրվեցինք՝ հաջողվո՞ւմ է քննադատական աչքով նայել ամուսնու կառավարությանը։ «Լրագրող լինելը մինչեւ կյանքի վերջ է։ Եթե էությամբ իսկապես լրագրող ես եւ կրում ես այդ մասնագիտության ամենակարեւոր էլեմենտները, որոնցից առաջինը հայացքն է, աչքը, որը պետք է տեսնի այն, ինչը չեն տեսնում մյուսները, քննադատաբար մոտենա ամեն ինչին, եթե նույնիսկ մյուսները դրական են արձագանքում… դա, կարծում եմ, մարդու միջից դուրս չի գալիս։ Դա վերաբերում է նաեւ ինձ։ Իմ տեսակն է, այնպես որ ամեն ինչին եմ շարունակում այդպես նայել։ Ոչինչ չի խանգարում քննադատ լինել, միայն այն, որ հիմա կոնտեքստից ավելի կտրված եմ։ Առաջին հերթին իմ մասին եմ ասում, որ բովանդակալից ու արժեքավոր քննադատության համար պետք է տիրապետես հնարավորինս ամեն ինչի։ Եթե հիմք ընդունես 2 փաստ, տեսությունդ կառուցես 2 տեսանելի փաստի վրա, բայց պարզվի, որ կա եւս 2 կամ 5-ը, որին չես տիրապետում, խոսքդ կկորցնի իր արժեքը։ Բնությունից քննադատաբար եմ մոտենում այն ամենին, ինչ ինձ հասանելի ու տեսանելի է, բայց, քանի որ հիմա չեմ տիրապետում ամեն ինչին, որպես խմբագիր առայժմ չեմ գտել աշխատանքի այն լավագույն ձեւաչափը, որ կարող եմ եւ՛ այստեղ անել՝ կարգավիճակիս բերումով, եւ՛ տիրապետել ամենին, ինչին պարտավոր է տիրապետել մամուլի ներկայացուցիչը»։

 

Ամալյա Հովհաննիսյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղա...

Միջադեպ Ծառուկյանի ելույթի ժա...

553


Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան