ԱՄՆ-ն փոխո՞ւմ է 25 տարվա ստատուս-քվոն Ղարաբաղում


-ը գրում է.

Փետրվարի 23-ին Մոսկվայում կայացել են Հայրենիքի պաշտպանի օրվա միջոցառումները, որին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Մոսկվայից հետո անմիջապես Վիգեն Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ եւ հանդիպել Բակո Սահակյանին ու Լեւոն Մնացականյանին:

 

Դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին, զգուշացրել էր, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ էական գործարքների դեպքում երկրների կառավարությունները կարող են պատժամիջոցների սպառնալիքի տակ հայտնվել:

 

Ղարաբաղյան հակամարտության պայմաններում այս նախազգուշացումը կարող է վկայել տարածաշրջանում ստատուս-քվոն փոխելու ու նոր իրավիճակ ստեղծելու մտադրության մասին:

 

Ներկայիս ստատուս-քվոն կառուցված է այն բանի վրա, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան իրենց ընկերություններին արգելում են զենք վաճառել հակամարտող կողմերին: Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելված է ԱՄՆ Ազատության մասին ակտի 907-րդ ուղղումով:

 

ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից սպառազինության մատակարարման արգելքը «քարտ-բլանշ» դարձավ Ռուսաստանի համար, որը ոչ միայն զենք է մատակարարում երկու երկրներին, այլ նաեւ սպառազինության մրցավազք հրահրում՝ այս կամ այն կողմին հերթով հարձակողական կամ պաշտպանական զենք վաճառելով:

1994 թվականից Ղարաբաղում ստատուս-քվոն կառուցվում է այդ «քարտ-բլանշի» վրա, որը վերածվել է քաղաքական արտոնությունների, երբ Մոսկվան անհրաժեշտ պահին կարող էր տարածաշրջանում բռնություն հրահրել կամ էլ դադարեցնել այն: Քարտ-բլանշը դրված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմքում, որտեղ կոնսենսուսը կայանում էր նրանում, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին ու Ադրբեջանին եւ «պատասխանատու էր» ստատուս-քվոյի համար:

 

ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքը կարող է ուղղված լինել Ռուսաստանի «քարտ-բլանշը» հետ կանչելուն եւ իրավիճակը միայնակ կառավարելու իրավունքից զրկելուն: Միայն ենթադրել կարելի է, թե ինչով է դա պայմանավորված:

 

Կողմերին նախազգուշացնելով զենք չգնել Ռուսաստանից, ԱՄՆ-ն փորձում է փոխե՞լ իրավիճակը տարածաշրջանում: ԱՄՆ-ն ինքը զենք կմատակարարի՞ տարածաշրջան, թե ընդհակառակը, փորձում է ապառազմականացնել տարածաշրջանը եւ գործընթացները տեղափոխել իրավական հուն:

 

Ակնհայտ է, որ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքն արդեն նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, որը նոր պայմանավորվածություններ է պահանջում: Եթե ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքն իրոք մեծ է, ապա հայ-ռուսական համագործակցության համար նոր ուղիներ են պետք: Օրինակ, մատակարարում անմիջապես Արցախին:

 

Ադրբեջանը, անկասկած, կարող է սպառազինության գնման այլ աղբյուրներ գտնել, սակայն այսպես թե այնպես Հայաստանը ստիպված է լինելու հաշվի նստել ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի եւ 25 տարվա ստատուս-քվոյի փոփոխության հետ:

2175


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում