Ռուբեն Հայրապետյանի ռեստորանային տրյուկը. Ինչ է սպասվում Սևանի «Հարսնաքար»-ում

-ը գրում է.

Վաղը տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ ժողովը, որի ընթացքում կարող են ընդունվել հերթական խայտառակ որոշումները: ՀՖՖ ժողովը կայանալու է ոչ թե Երևանում, այլ Սևանում: Բնական է, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վախենում է հասարակության ճնշումից և մտադիր է դավադիր որոշումներ ընդունել իրեն պատկանող ռեստորանային համալիրում՝ «Հարսնաքար»-ում:

Ամիսներ առաջ հասարակության ճնշումից վախեցող Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրեց Ծաղկաձորում: Բնական է, Հայրապետյանը պետք է առաջնորդվի տապալված կուսակցության մարտավարությամբ, քանզի տարիների ընթացքում համոզվել ենք, որ այս կուսակցության ներկայացուցիչներն ավելի լուրջ և խելացի քայլերի ուղղակի ունակ չեն: Իսկ թե ինչով ավարտվեց ՀՀԿ-ի, այսպես կոչված, «թռնողական» գործելաոճը՝ տեսնաք բոլորս:

Այս առթիվ «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանն ու Ալյոշա Արբահամյանը նախօրեին հայտարարություն են տարածել. «Հունիսի 30-ին, ժամը 12:00-ին, Սևանի «Հարսնաքար» համալիրում տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որին ներկա են գտնվելու նաև «Արարատ»-ի ղեկավարության ներկայացուցիչները: Հետաքրքիր է, թե ինչն է պատճառ հանդիսացել ֆեդերացիայի՝ Երևանում տեղակայված ֆուտբոլի ֆեդերացիայի շենքից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա այդ ժողովն անցկացնել: Կարծում ենք, որ նման որոշում ընդունվել է, որպեսզի ժողովի ժամանակ ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ չկարողանան խանգարել և բողոքի ակցիա կազմակերպել: Իսկ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որով նա ֆեդերացիայի նախագահի ընտրությունը ամբողջությամբ թողել է գործկոմի անդամների վրա, կարող է դժգոհության ալիք առաջացնել…»:

Ամեն ինչ շատ պարզ է և հստակ: Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկ անելու խնդրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ինչքան տեղյակ եմ, առաջիկայում լինելու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Հույս ունեմ՝ տեղի կունենա այնպիսի ընտրություն, որը կլինի ՀՖՖ անդամների ու երկրպագուների սրտով: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին»:

 

Վաղվա ժողովի օրակարգում ՀՖՖ նախագահի ընտրություններ նախատեսված չեն, բայց Հայրապետյանը մտադիր է ստոր քայլ կատարել առաջիկա ամիսներին պաշտոնում վերարտադրվելու համար: Մասնավորապես, ժողովի օրակարգում է նաև ՀՖՖ անդամությունից 8 կազմակերպությունների և ակումբների զրկումը և նրանց փոխարեն 12 նոր կազմակերպությունների և ակումբերի անդամության հաստատումը: Կազմակերպություններ, որոնցից 10-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում քվեարկելու են Հայրապետյանի օգտին:

Չնայած Փաշինյանի կոչին՝ մեծ է հավանականությունը, որ վաղը Հայրապետյան Ռուբենին կհաջողվի իրականացնել դավադիր քայլը: Եթե ՀՖՖ-ն, այնուամենայնիվ, անդամությունից զրկի անցանկալի ակումբներին և նրանց փոխարեն ֆուտբոլային կառույցի կազմում ընդգրկի Հայրապետյանի որդու անունով գրանցված «նորացված Փյունիկներին», ապա գալիք ընտրություններն այլևս լեգիտիմ լինել չեն կարող: «Շիրակին» և մյուս ակումբներին ձայնի իրավունքից զրկելը ոչ այլ ինչ է, քան «բեսպրեդել»: Որպես Հայրապետյանի կամակատարներ և դավադիր որոշման հնարավոր մասնակիցներ՝ հարկ ենք համարում հրապարակել ՀՖՖ գործկոմի անդամների անունները:

Ալեքսանյան Սամվել (ԱԺ պատգամավոր)
Ավետիսյան Սուքիաս (ՀՀԿ անդամ)
Գրիգորյան Թովմաս («Լոռի» ակումբի նախագահ)
Դալլաքյան Վիկտոր («3-րդ Հանրապետություն» կուսակցության նախագահ)
Թովմասյան Հրայր (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ)
Հասրաթյան Լևոն (ՀՖՖ-ի մրցավարական կոմիտե)
Հարությունյան Կարեն
Ղազարյան Կառլոս (ՀՀ ներքին գործերի նախկին նախարար)
Ղազարյան Էդուարդ (ՀՖՖ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կոմիտե)
Մանուկյան Աշոտ (ՀՖՖ երկրորդ փոխնախագահ)
Մարգարյան Էդիկ (ՀՖՖ-ի Բժշկական կոմիտե)
Մարգարյան Տարոն (Երևանի քաղաքապետ)
Մինասյան Արմեն (ՀՖՖ-ի գործադիր տնօրեն)
Մնացականյան Արտակ ( ՀՖՖ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխությունների կոմիտե)
Նավոյան Բագրատ («Ալաշկերտ» ակումբի նախագահ)

Սա Ռուբեն Հայրապետյանի թիմի կորիզն է, որը խթանում է հայկական ֆուտբոլի կործանումը: Եթե դավադրությունը ի վերջո տեղի ունենա՝ բացի սպասվող ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելուց, Հայրապետյանը ձեռնոց կնետի հասարակությանն ու Հայաստանի նոր իշխանություններին: ՀՖՖ նախագահին թվում է, թե ՈւԵՖԱ-ին կամ ՖԻՖԱ-ին գործ տալով և նրանցից աջակցություն խնդրելով՝ կարող է շարունակել պաշտոնավարել ՀՖՖ նախագահի պաշտոնում և բռնաբարել հայկական ֆուտբոլը: Այժմ վստահաբար կարելի է ասել, որ դա այդպես չէ, և ցանկացած դավադիր քայլ արժանի հակահարված է ստանալու: Նույնիսկ եթե «Նորացված Փյունիկներն» ու Հայրապետյանի ակադեմիաները ընդգրկվեն ՀՖՖ-ի կազմ, միևնույն է՝ հայկական ֆուտբոլը ազատագրվելու է:

Երկրպագուներից հեռու՝ ռեստորանային տրյուկներով, ՀՖՖ նախագահ դառնալու ժամանակն արդեն անցել է: Շատ ավելի լավ կլիներ, որ ՀՖՖ նախագահը սթափ գնահատեր իրավիճակն ու հայկական ֆուտբոլը ինքնակամ հանձներ երկրպագուին:

 

901