Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի Հայաստանը

-ը գրում է.

Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությամբ աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը հայտարարել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել էր բոլոր կողմերի համաձայնությամբ և այսօր էլ, Երևանի և Բաքվի հետ համատեղ, աշխատում են հակամարտության վերջնական կարգավորման շուրջ: Անչափ ուշագրավ է Լավրովի խոսքի տողատակը: Բոլոր կողմեր ասելիս ՌԴ ԱԳՆ ղեկավարը նկատի ունի իհարկե Արցախը, որը ժամանակին եղել է բանակցությունների կողմերից մեկը, այնուհետև, ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, դուրս մնացել այդ գործընթացից:

Պետք է արձանագրենք, որ Հայաստանի նոր իշխանությունները սկսել են երկխոսության նոր ձեւաչափի մասին խոսել: Եթե Բաքուն նոր ձեւաչափ ասելով նկատի է ունենում համանախագահ երկրների կազմը փոխելը կամ հակամարտության լուծումը այլ միջազգային կառույց տեղափոխելը, ապա Երեւանում եւ Ստեփանակերտում ձեւաչափի փոփոխությունը տեսնում են հակամարտող կողմերի տիրույթում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նա բանակցություններ չի վարի Արցախի անունից։ Վարչապետը համոզված է, որ Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին։ 

Հասկանալի է, որ Ադրբեջանը կբոյկոտի գործընթացը, թերև Բաքվի նյարդային ջղաձգումների մասին վկայում է այն վիրտուալ պատերազմը, որը Ալիևը սկսել է հատկապես Նախիջևանի ուղղությամբ: Բաքվին այլ բան պարզապես չի մնում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում ծայր առած ժողովրդավարական բարեփոխումները խորը կոնտրաստ են ստեղծում Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ:

Մյուս կողմից՝ Մոսկվայի ազդակը Բաքվին չպետք է, որ նորություն լինի, առավել ևս՝ շոկի մատնի հարևան սուլթանատի ղեկավարությանը: Հրադադարի պահպանման եւ հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը այլ բան չէ, քան Արցախի եւ Ադրբեջանի սահմանի յուրօրինակ ճանաչում, ըստ այդմ Արցախի սուբյեկտության ճանաչում: Իսկ նման մեխանիզմի ներդրման համաձայնություն Բաքուն արդեն իսկ տվել է: Այլ բան է՝ ինչպիսի թաքնված ռիսկեր է իր մեջ պարունակում Մոսկվայի կողմից նման զիջումը: Արդյո՞ք Կրեմլը գնում է այս քայլին՝ հասկանալով, որ բոլոր կողմերի համաձայնությունը դարձել է օբյեկտիվ՝ ռեալ պոլիտիկի կողմից թելադրված անհրաժեշտություն՝ սառեցված հակամարտության կարգավորումը տեղից շարժելու համար, թե՞ հայկական կողմը Մոսկվայի այս ժեստի դիմաց ստիպված է լինելու ինչ-որ գին վճարել:

Ստելլա Խաչատրյան

784