Ստեփանակերտում նոր հանրահավաք է. անսպասելի զարգացումներ

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հայտարարել է, որ վաղը Ստեփանակերտում հանրահավաք է լինելու: Նա նշել է, որ հրապարակվել է ճանապարհային քարտեզը: Գրիգորյանը եւ պատգամավոր Հայկ Խանումյանը մանրամասներ չեն հրապարակել, բայց պետք է ենթադրել, որը խոսքն Արցախի խորհրդարանի մասին է:

Երեկ Բակո Սահակյանն ընդարձակ հարցազրույց է տվել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որից լրագրողները միայն մեկ թեզ են դուրս բերել՝ Բակո Սահակյանը չի առաջադրվելու 2020 թվականի ընտրություններին: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչպես է ծագել ճգնաժամը, ով է կանգնած Ստեփանակերտի ակցիաների հետեւում, ինչու ուժայիններից բացի անսպասելի հրաժարական է տվել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Ավելին, Բակո Սահակյանի քաղաքական ապագայի հարցում եւս ոչ ոք չի կասկածում. նա երկու եւ կես ժամկետ նախագահել է եւ պետք է հեռանա:

Բոլորին ժամկետներն են հետաքրքրում: Բակո Սահակյանը խոսում է 2020 թվականի մասին: Սակայն հունիսին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո այդ ժամկետներն անիրական են թվում: Ակնհայտ է, որ Բակո Սահակյանն անգամ մեծ ցանկության դեպքում դժվարությամբ երկու տարի կզսպի բողոքի ալիքը: Անգամ եթե կենցաղային խնդիրները լուծվեն, որոնցով բնակիչներն այժմ դիմում են կառավարությանը:

Կենցաղային խնդիրները չեն կարող լուծել ճգնաժամը, որը ծագել է Հայաստանում հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո: Հայաստանն ու Արցախը բազմիցս հայտարարել են, որ աշխատում են միեւնույն ֆինանսական, տնտեսական տարածքում, եւ ակնհայտ է, որ Հայաստանում պետական ծախսերի օպտիմալացումը հարցեր կառաջացնի Արցախին պետական վարկի հարցով:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ Արցախի կառավարությունը միլիոնավոր դոլարների պարտքեր ունի առեւտրային բանկերին: Դա նշանակում է, որ համակարգային լուծումներ են պետք, որոնք թույլ կտան Արցախի ներուժը կենտրոնացնել եւ պայմաններ ստեղծել համեմատաբար ինքնաբավության համար:

Այդպիսի բազամթիվ լուծումներ կան՝ ռազմավարական օբյեկտների ազգայնացում, հանքերի շահագործման մեջ պետական մասնակցությունը, բայց այդ աշխատանքի համար Արցախին նոր խորհրդարան է պետք:

Ներկայիս խորհրդարանը լիովին արտացոլում է համակարգային ճգնաժամը, որը վերջին տարիներին տիրում էր Արցախում: Եղել է քաղաքական կամքի, քննարկումների, դիրքորոշումների բացակայություն, բացարձակ հարմարվողականություն: Ասում են, խորհրդարանից դուռ է բացվել հարեւանությամբ գտնվող Արմենիա հյուրանոցի ջակուզիի ու այլ հարմարությունների սրահ, իսկ հյուրանոցի ծառայությունները վճարվում են խորհրդարանի հաշվին:

Ըստ երեւույթին, այլ գործերի բացակայության պայմաններում ոչինչ չի մնում, քան հաստատության հաշվին հանգստանալ: Պատահական չէ, որ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը պաշտոնապես մեղադրել է խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին անգործության եւ բոլոր նախաձեռնությունների տապալման մեջ:

Արցախում համակարգային ճգնաժամը կարելի է լուծել միայն համակարգային մոտեցումներով եւ գլխավորը թերեւս խորհրդարանի վերաֆորմատավորումն է կամ արտահերթ ընտրությունների, կամ էլ արմատական փոփոխությունների ձեւով: Չի բացառվում, որ վաղվա հանրահավաքին նոր հրաժարականներ կհաջորդեն:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x