Սերժ Սարգսյանին, Քոչարյանին ու Գորիկ Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծն ընդունվեց

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին նախագծերը ընդունվեցին, իսկ  ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի (հետմահու) մասով նախագծի քվեարկությանը կար մեկ ձեռնպահԱյս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ իրավական հարցերի հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 3-ը՝ ինքը «Հայկական վերածնունդ»-ից՝ Ավետիս Առաքելյանը և «Բալասանյան դաշինք»-ից՝ Գայանե Սարգսյանը: 

«Երեքս միաձայն կողմ էինք Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծերին: Միայն Գորիկ Հակոբյանին կոչումից զրկելու նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր Գայանե Սարգսյանը: Վերջինս իր դիրքորոշումը մեկնաբանեց Գորիկ Հակոբյանի մահացած լինելու հանգամանքով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծերն ընդգրկված են Գյումրիի ավագանու՝ հունիսի 18-ին կայանալիք նիստի օրակարգում:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է ավագանու անդամների կեսից ավելիի կողմ ձայները. օրենքով և ավագանու կանոնակարգով այդ տեսակ հարցերն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների կեսից ավելիով:

Հարցին՝ առհասարակ ովքե՞ր իրավունք ունեն արժանանալու պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Բարսեղյանը պատասխանեց. «Կոչմանը կարող են հավակնել Գյումրու զարգացմանն ավանդ ունեցած անձանց, իսկ տվյալ դեպքում կոչումները տրվել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ առանց հաշվի առնելու երկրին և Գյումրուն տված վնասները: Եթե դա հաշվի առնեին, պետք է ոչ թե կոչում տային, այլ հաղորդում տային հանցագործության  մասին»: 

Բարսեղյանի խոսքով՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչումը տրվել է 2002 թ.-ին, ինչն ավագանին ընդունել է, սակայն քննադատության է արժանացել: 2006-ին կոչումը տրվել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին, ավագանին միաձայն ընդունել է, ինչը նորից քննադատության է արժանացել: 2016 թ. Լևոն Սարգսյանին է շնորհվել, ես եղել եմ ավագանու անդամ, դեմ եմ քվեարկել, քաղաքում մեծ աղմուկ բարձրացավ, քննադատություններ եղան: 

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը:

Նշենք, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում ստացել են Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը և այլոք: 

Սոնա Հարությունյան

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x