Սերժ Սարգսյանը, լինելով գրեթե լիարժեք իրազեկված, միաժամանակ լիովին ազատ էր լինում պողոսների ու վաչագանների առաջ անձնական պատասխանատվություն

-ը գրում է.

Սերժ Սարգսյանի համհարզ Վաչագան Ղազարյանը կամ հայտնի Վաչոն ձերբակալվել է ապօրինի հարստացման մեղադրանքով: Հայտնի է, որ ԱԱԾ-ն նրա մոտ հայտնաբերել է ընդհանուր 1,5 միլիարդ դրամ փող, նաև՝ կնոջ անունով: Այդպիսով, Սերժ Սարգսյանի համհարզը դառնում է փաստորեն առաջին խոշոր պաշտոնյան ու իշխանության խոշոր ֆիգուրը, որին ներկայացվում է մեղադրանք ապօրինի հարստացման հատկանիշով:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ ՀՀԿ-ական իշխանությունն ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունեց մի քանի ամիս առաջ, որի նպատակներից մեկը կամ գլխավորը թվում էր այն, որ այդ օրենքի ընդունումով իշխանությունը պետք է արևմտյան երկրներին ու կառույցներին ցույց տար, հավաստիացներ, որ քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ, իրական պայքար է մղում: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ ձևական պայքարից իրականի անցնելու հորդորը, պահանջը, խնդրանքը և կոչը մշտապես եղել են իշխանության հետ այդ կառույցների հարաբերության օրակարգում:

Իշխանության հաշվարկը պարզ էր՝ օրենքը կընդունվեր, թղթով, այսպես ասած՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամեն ինչ կլիներ կարգին, կստացվեր իդեալական վիճակ, երբ պայմանական ասած՝ «գայլերը կուշտ են, իսկ ոչխարները՝ անվնաս»: Բայց այժմ ստացվում է, որ վիճակը այդքան էլ այդպես չէ, և օրենքը շրջվել է այն ընդունող իշխանության ներկայացուցիչների դեմ:

Իհարկե, դեռ պարզ չէ, թե ինչ կլինի Վաչագան Ղազարյանի գործը, ինչ պատասխան կտա նա, կտա՞, թե՞ ոչ: Կտա՞, օրինակ, այլ անուններ, տեղեկատվություն, թե՞ ոչ: Հատկանշական է, սակայն, որ թիրախում է հայտնվում ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանի գեներալ-մայոր համհարզը, և այդ իմաստով շատ հետաքրքիր է, ու թերևս բոլորի համար, թե ի՞նչ է անում հիմա Սերժ Սարգսյանը, ի՞նչ է մտածում:

Վաչիկ Ղազարյանը պատասխանատու էր Սերժ Սարգսյանի անվտանգության համար, իսկ Սերժ Սարգսյանը Վաչիկ Ղազարյանի անվտանգության համար իրեն պատասխանատու համարո՞ւմ է կամ՝ անձեռնմխելիության համար: Երբ նախագահ էր, թերևս պատասխանատու էր՝ համակարգային ընդհանուր տրամաբանության շրջանակում: Իսկ ա՞յժմ: Թե՞ Սարգսյանը պաշտոնավարելիս էլ, պաշտոնաթողությունից հետո էլ պատասխանատու է միայն, այսպես ասած, իր հանձնարարությամբ և իմացությամբ արածի կամ արվածի համար:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կարող էր և «ոչինչ չիմանալ», ընդ որում՝ միանգամայն գիտակցված: Նա ինքը, օրինակ, ոչինչ չէր ասում իշխող ուժին, և ամեն ինչ հայտնի էր դառնում գրեթե վերջին պահին: Միաժամանակ, Սարգսյանը գուցե ինքն էլ ոչինչ չէր ուզում իմանալ իշխող ուժի արածի ու չարածի մասին: Տվյալ պարագայում խոսքն իհարկե ամենևին այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չգիտեր, այլապես կհանձնարարեր պատժել բոլոր գողերին, խաբեբաներին, կոռուպցիոներներին և այլն: Հարցն այդ պարզունակ տիրույթում չէ: Սերժ Սարգսյանն անշուշտ պատկերացնում էր, թե ինչպես է աշխատում համակարգը, և անշուշտ ուներ այդ աշխատանքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվության իր աղբյուրները, այսպես ասած՝ «անկախ» աղբյուրները: Օրինակ՝ Վաչագանի մասին նա գուցե տեղեկանում էր, ասենք, Պողոսից, իսկ Պողոսի մասին՝ Վաչագանից, բայց ոչինչ չէր ասում թե՛ Պողոսին, թե՛ Վաչագանին: Այդպիսով, Սերժ Սարգսյանը, լինելով գրեթե լիարժեք իրազեկված, միաժամանակ լիովին ազատ էր լինում պողոսների ու վաչագանների առաջ անձնական պատասխանատվությունից:

Այդ իրավիճակը գոհացուցիչ էր բոլորի համար՝ իրենք չէին խանգարում Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը՝ իրենց: Թղթերով էլ ամեն ինչ կարգին էր: Բայց ներկայումս թղթերը «ապստամբել» են, և պարզվում է, որ ապօրինի հարստացման մասին օրենքը ընդունել են իրենք իրենց դեմ, գերվարչապետական լիազորությունները սահմանել են իրենք իրենց դեմ, իրենց իսկ ձեռքով:

|
761