Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

անակցությունները չեն կարող ընթանալ մի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի եթերում Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարի շրջանակներում տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված այն լուրերին, որ Ադրբեջանը սահմանին նոր հենակետեր է կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրք։

Նախարարի խոսքով՝ նման հարցերը ուշադրության կենտրոնում են պաշտպանության նախարարության կողմից, մեր կողմից. «Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա: Ցանկացած նման զարգացումից պետք է խուսափել: Մենք մտադիր ենք ներգրավված մնալ բանակցությունների մեջ, մտադիր ենք բանակցությունները վարել խաղաղ կարգավորման հասնելու համար, դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։

Մնացականյանի խոսքով՝ հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են Բաքվից, խաղաղության մթնոլորտին չեն նպաստում: «Բանակցությունները չեն կարող ընթանալ մի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում բնականոն գործընթացին, իրական խաղաղության հաստատմանը»,- նշել է նա:

Հարցին՝ քննարկվում է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը, նախարարը պատասխանել է. «Եկեք չշտապենք: Ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն այս գործընթացում: Սա շարունակվելու է: Մենք հաշվարկված քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումներ կլինեն, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, խոսում եմ շաբաթների մասին»:

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հայկական կողմը մտադիր է անել այն, ինչ մինչև հիմա արվել է: «Մենք խոսել ենք շարունակականության մասին, խաղաղ բանակցությունների միջոցով մնայուն խաղաղություն ապահովելու մասին: Մենք մտադիր ենք անել այն, ինչ մինչև հիմա արվել է»,- ասել է նա:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x