Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին

Ազգային անվտանգության ծառայության կողմից ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանին և պատասխանատու ևս երեք աշխատակիցների: ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներն էլ, ըստ ԱԱԾ տարածած հայտարարության, կհարցաքննվեն որպես վկաներ:

Սա ԱԱԾ կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առաջին լայնածավալ միջոցառումն է և, ինչպես երևում է, թիրախն էլ պատահական չէ ընտրված:  ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի առցանց բազայում նշված է, որ այդ ընկերությունը գրանցվել է 2017 թվականի հունիսի 23-ին իսկ միակ հիմնադիրը «Նորֆոլկ Պրոջեկտ լփ» անունով կազմակերպությունն է, որը Շոտլանդիայում գրանցված օֆշորային ընկերություն է:

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ դառնալուց հետո չէր թաքցնում, որ  բացահայտ պայքար է սկսել կարգոների դեմ: Այս պայքարն ավարտվեց նրանով, որ նախկին բեռնափոխադրող ընկերություններն այժմ ապրանքը հասցնում են մինչև մաքսատուն և այնտեղ արդեն մաքսազերծման ծառայությունը բոլորի համար մատուցում է վերը նշված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը այդ ծառայության դիմաց ներկրողներից գանձում է 1,5 տոկոս միջնորդավճար:

Փաստը մնում է փաստ, որ Վարդան Հարությունյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ստեղծել էին նոր մոնոպոլիա. նախկին բոլոր կարգոների գործը հանձնելով մեկ ընկերության՝ այն էլ օֆշորային արմատներով: Սա էլ քիչ է, այդ ընկերությունը պատկանում է  նախկին վարչապետի և ՊԵԿ նախկին նախագահի ընկերոջը: Հարց է առաջանում՝ ազնիվ նպատակներով ստեղծված, օրինական գործունեություն ծավալող ընկերությունը ինչո՞ւ է թաքնվում օֆշորում: Գուցե հենց այս հարցի պատասխանն էին երեկ փորձում ստանալ ԱԱԾ աշխատակիցները: Սակայն, փաստ է, որ Վարդան Հարությունյանի հովանավորյալների դեմ պայքարը այս փուլում ունի նաև քաղաքական ենթատեքստ:

Դա, իհարկե, դժվար է անվանել վենդետա, քանի որ ինչպես արդեն նշեցինք՝ ընկերությունը ակնհայտ օֆշորային ծագում ունի և նմանատիպ ստուգումները պետք է իրականացվեին ավելի վաղ, եթե իհարկե նախկին կառավարությունը իրապես նպատակ հետապնդեր պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ: Բոլորս հիշում ենք, թե վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանն ինչպիսի հետևողականությամբ էր պայքարում ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում իր մերձավորին կարգելու համար:

Փաստորեն Հայաստանը Սինգապուր դարձնող Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում գործի է դրել կոռուպցիոն մեխանիզմ: Ինքնին հասկանալի է, որ սա, այսպես կոչված, «գազավիկների» միակ կոռուպցիոն գործարքը չէ: Եթե չլիներ համաժողովրդական պայքարը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանն էր դառնալու երկրի վարչապետ՝ ամբողջ Հայաստանն, ըստ էության, դարձնելով ռուսական «Գազպրոմի» կոռուպցիոն համակարգի կցորդ: Չի բացառվում, որ այս օրերին կուսակցական գործունեության ակտիվությունը սառեցրած Կարեն Կարապետյանը դեռևս հույսեր ունի վերադառնալ քաղաքական ասպարեզ՝ արդեն ՀՀԿ ներսում տեղի ունեցող խմորումների արդյունքում: Հիշեցնենք, աշնանը սպասվում է ՀՀԿ ղեկավար կազմի նոր ընտրություն, իսկ այս պահին Կարապետյանը շարունակում  է զբաղեցնել կուսակցության փոխնագահի պաշտոնը: Ընկերության դեմ այս գրոհով Փաշինյանը Կարեն Կարապետյանին և նրա թիկունքում կանգնած Սամվել Կարապետյանին ուղերձ է հղում առաջիկա քաղաքական գործընթացների համատեքստում խույս տալ ակտիվացումից:

 Ստելլա Խաչատրյան

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x