Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը

«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության շուրջ ծագած աղմուկից հետո կարևոր է հարցը, թե արդյոք այս ոլորտում բարեփոխումներ են իրականացվելու, և նախկին աշխատաոճին վերադարձ չի լինելու:

Նախքան այս ընկերության ստեղծումը, ինչպես հայտնի է, մի շարք տոնավաճառների, որոնց թվում էին «Առնիջ մոլը», «Փեթակը», «Սուրմալուն», առևտրականներն իրենց ապրանքը մաքսազերծում էին կարգոների միջոցով: Դրանք այն ընկերություններն էին, որոնք տարբեր երկրներից մեծածավալ ապրանքների ներկրմամբ ու մաքսազերծմամբ էին զբաղվում: Կարգոները փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում էին Հայաստան, «մութ» սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և դրանք հանձնում առևտրականներին:

 

Կային տեղեկություններ, որ հանցավոր համաձայնություն էր կիրառվում մաքսավորների ու կարգոների միջև, կոռուպցիոն շղթա էր գործում: Մասնագետները մեզ հետ մասնավոր զրույցներում արդեն ահազանգում են, որ եթե նախկին աշխատաոճը որդեգրվի, առևտրաշրջանառության հսկայական ծավալ դարձյալ չի հարկվելու, «ստվերը» վերադառնալու է:

 

Նախքան «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ստեղծումը, ինչպես հայտնի է, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից առևտրականների ապրանքի ներմուծումն իրականացվում էր 9 կարգո ընկերությունների միջոցով: «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի ստեղծումը ՊԵԿ նախկին ղեկավարությունը բացատրում էր նրանով, որ փորձում են դաշտում կարգ ու կանոն հաստատել: Կարգո ընկերությունները պատահական մարդկանց չէին պատկանում: Նրանց թվում են հայտնի «Կարգո Կառլենը»՝ «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանը, «Բագրատ տուրի» ղեկավար Բագրատ Նավոյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

 

Կարգոների միջոցով միայն հագուստ չէր ներկրվում, այդ մարդիկ կարող էին սարքավորումներ էլ ներմուծել: Կան տեղեկություններ, որ մաքսազերծման դիմաց նրանք ակնհայտ չնչին գումարներ էին վճարում, մեկ ապրանքի անվան տակ այլ ապրանք էին մաքսազերծում: Առևտրականներին հաշիվ ապրանքագրեր չէին տալիս հենց կարգոները: Իսկ հաշիվ ապրանքագրում պետք է երևար, թե ինչ ապրանք էր ներմուծվել, որով առևտրականները շրջանառության հարկը պետք է վճարեին:

 

Տոնավաճառների աշխատակիցները, ովքեր 5 տոկոս շրջանառության հարկ էին վճարում, քանի որ թուղթ չունեին հարկային մարմիններին ցույց տալու համար, բազմիցս բարձրացրել են հարցը, որ ապրանքների մատակարարները փաստաթուղթ չեն տալիս իրենց: Իսկ փաստաթղթերով աշխատելու դեպքում, ինչպես հայտնի է, նրանք ընդամենը 1.5 տոկոս շրջանառության հարկ պետք է վճարեին: Փաստաթղթով չաշխատելն իր հերթին բերում էր ստվերային շրջանառության աճին:

 

«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությության ստղեծումից հետո, ինչպես փաստում են մասնագետները, առևտրականներին հաշիվ ապրանքագրեր տրամադրվել են:

 

Ինչո՞ւ էին առևտրականներն օգտվում կարգոների ծառայություններից: Շատ պարզ պատճառով, դրանք առևտրականներին ազատում էին, այսպես ասած, ավելորդ քաշքշուկից: Սովորական առևտրականի համար ներկրում իրականացնելն այնքան էլ հեշտ գործ չէր, նրանցից ոչ բոլորն են տիրապետում օրենքներին, քաշքշուկի մեջ կհայտնվեին, պետք է բրոքերների օգնությանը դիմեին: Իսկ կարգոները պարզեցված կարգով մաքսազերծում էին ապրանքն ու հանձնում առևտրականներին:

 

Երբ առևտրականները նախորդ տարի բողոքի ակցիաներ էին իրականացնում, նրանց այդ քայլին դրդել էին հենց կարգոների տերերը: Պատահական չէր, որ բողոքի ակցիաների ժամանակ ակտիվ էին հատկապես «Առինջ մոլի» առևտրականները:

 

Հետևաբար, «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության մասով վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից հետո կարևոր հարց է, թե ինչպես է փոխվելու այս ոլորտում իրավիճակը:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x