Էջմիածնի քաղաքապետարանի կոշտ արձագանքը՝ Արթուր Ասատրյանի խոսքերին

«Վերջին շրջանում որոշ անձինք իրենց թույլ են տալիս խոսել Էջմիածնի, էջմիածնեցու անունից, փորձում են բարեգործ ձեւանալ եւ ներդրումների խոստումներ են տալիս։ Նման մեկն էլ Արթուր Ասատրյանն է, որ հայտարարում է, թե իբր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ, թե Նիկոլ Փաշինյանին վստահում է, այդ պատճառով Էջմիածնում ներդրումներ է անելու։ Քաղաքապետարանը ուրախ կլինի, եթե Էջմիածնին անկեղծ աջակցողներ լինեն, սակայն, Էջմիածնեցիները հիշում են, որ նախորդ տարվա մարտ ամսին էլ Արթուր Ասատրյանը նույն հավատարմության խոսքերը «գլավնակամանդույուշչի Սերժ Սարսյանին» եւ վարչապետ Կարեն Կարապետյանին էր ասում՝ ընդգծելով, որ վստահում է Կարեն Կարապետյանին այդ իսկ պատճառով մեծ ներդրումներ է անելու՝ ստեղծելով անձամբ 2 000 աշխատատեղ, իսկ Կարապետյանի օժանդակությամբ՝ եւս 10 000 աշխատատեղ։ Այդ խոստումները գոնե կես տոկոսով էլ չիրականացան։ Այլ անձանց այդ կարգի խոստումներ եւս սին են դուրս եկել։ Իսկ մինչ այդ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բարեխղճորեն աշխատել՝ մնալով Էջմիածնի ամենամեծ գործատուն եւ բարեգործը։ Հսկայածավալ աշխատանքները, որ կատարում է Էջմիածնի քաղաքապետարանը, էջմիածնեցու աչքի առաջ է, այդ աշխատանքը հնարավոր չէ չնկատել, չգնահատել։ Եվ քաղաքապետարանը երախտապարտ է էջմիածնեցուն, քանզի բոլոր արդյունքները ստացվել են քաղաքային իշխանություն – էջմիածնեցի փոխվստահությամբ եւ համագործակցությամբ»,-պարզաբանում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը։

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x