«Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Հրաչ Մուրադյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կիսաբաց» լուսամուտներ հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը գրում է.

Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը:
Պրն. Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս իրական Հայաստանը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։ 
Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում:

Հ.գ. Վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին մեր ծրագրի շրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելի սոցիալական աջակցության մասին հիմա կլռեմ: Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն։
Հ.Գ. 2 Դժվարությամբ եմ պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել Пусть Говорят-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` Ջերի Սպրինգերի շոուն փակելու մասին։

Հ.Գ. 3
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x