«Այստեղ ֆանտաստիկ էներգետիկա է տիրում». Էլթոն Ջոնի ամուսինը՝ Հայաստան այցի մասին (տեսանյութ)

Էլթոն Ջոնի ամուսինը՝ Դեւիդ Ֆերնիշը, պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել Հայաստան: Բարեգործական նպատակներով Էլթոն Ջոնի հետ Երեւան ժամանած Դեւիդը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ շատ է հավանել մեր երկիրը.

«Հրաշալի, հրաշալի երկիր է: Շատ դրական էմոցիաներ եմ ստացել մեր այցից, հիասքանչ երկիր է: Այստեղ ֆանտաստիկ էներգետիկա է տիրում»,- ասաց նա: Մեր թղթակցի հարցին, թե ինչն է ամենից շատ իրեն դուր եկել Հայաստանում, Դեւիդ Ֆերնիշը պատասխանեց.

«Հույսի եւ լավատեսության էներգիան: Ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ ձեր հիասքանչ մշակույթին»,-եզրափակեց նա:

Էլթոն Ջոնի շրջագայությունները Երեւանում շարունակվում են: Քիչ առաջ բրիտանացի հայտնի երաժիշտն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ճաշել են Derian Restaurant-ում: Այստեղ մեզ հայտնեցին, որ սըր Էլթոն Ջոնը խորոված է համտեսել. այն նրան ավելի է դուր եկել, քան քյաբաբը: Ճաշելուց հետո երաժիշտը շնորհակալություն է հայտնել հաստատության անձնակազմին:

71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Հայաստան ժամանելուց հետո Էլթոն Ջոնն ուղեւորվել է Երեւանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի փոքր մնալուց հետո ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի եւ Starkey Hearing Technologies ընկերության հիմնադիր Ուիլյամ Ֆ. Օսթինի հետ գնացել է «Անկյուն» ռեստորանում ընթրելու, որտեղ նրանց է միացել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x