Ռոբերտ Քոչարյանի հերթական սուտը

-ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական՝ 2-rd.am կայքը երկարաշունչ հոդված է հրապարակել, որի թաքնված իմաստն այն է, որ Քոչարյանը ոչ միայն հակահեղափոխական չէ, այլ նույնիսկ հեղափոխության շահառուներից է։ Այդ թեզը ապացուցելու համար կայքը առաջ է քաշել մեկ այլ թեզ՝ Քոչարյանը կապ չունի Սերժ Սարգսյանի իշխանության հետ և անգամ քննադատել է նրան։

«… Ռոբերտ Քոչարյանին նախորդ իշխանությունները (իրենից իշխանությունը ստանալու հաջորդ իսկ օրից) վերաբերում էին որպես վտանգավոր հակառակորդի, և ոչ որպես գործընկերոջ, կամ, առավել ևս` փայատիրոջ: Իսկ նախագահ Քոչարյանը որևէ առիթ բաց չի թողել հրապարակայնորեն քննադատելու գործող իշխանություններին՝ սկսած 2008 թվականի մայիսից (երբ քննադատեց հայ-թուրքական ֆուտբոլային հաշտեցման սկսվող գործընթացը)»,- գրում է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ հիշեցնելով Սարգսյանական իշխանությանն ուղղված Քոչարյանի հարցազրույցները։ Բայց այդ բոլոր հիշեցումների շարքից շատ «պատահաբար» դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հարցազրույց՝ հրապարակված «Մեդիամաքս» պարբերականում, որտեղ երկրորդ նախագահը, խոսելով 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների մասին, անդրադառնում է նաև իր և Հանրապետական կուսակցության հարաբերություններին։

«Սահմանադրական բարեփոխումները լրջորեն քաղաքականացրեցին գործադիր իշխանությունը` բարձրացնելով կուսակցությունների դերը վերջինիս ձևավորման գործում:

Քանի որ, ըստ Սահմանադրության, ինձ մեկ տարուց էլ քիչ ժամանակ էր մնացել աշխատելու նոր պայմաններում՝ որպես Հանրապետության նախագահ, ես որոշեցի չփոխել քաղաքական գործընթացում իմ մասնակցության ձևաչափը, սակայն սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել կոալիցիոն կուսակցությունների ներքին իրադրությանը, հատկապես` ՀՀԿ-ի:

Վարչապետ Ա. Մարգարյանի, իսկ այնուհետ` վարչապետ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն, գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին` ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են: Դա բնականոն քաղաքական գործընթաց էր, որը միայն ուժեղացրեց Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ում ոգևորված էին դրանով: 2003 և 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը: Եվ դա նախագահի և խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցության միջև համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ էր»,- 2011 թվականի փետրվարի 7-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Այսպիսով, նա կամ հիմա է ստում՝ հայտարարելով, որ որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի իշխանության հետ, կամ ստել է 2011 թվականին՝ հայտարարելով, որ իր հետ անուն առ անուն համաձայնեցվել են Սերժ Սարգսյանի իշխանության հենարանի՝ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը։ Ստի ո՞ր տարբերակն է համապատասխանում իրականությանը, հուսանք՝ կպարզաբանի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կամ ոչ պաշտոնական որևէ կայք։

|
1230