Կուսակցությունը կարող է արգելվել

-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վրդովվել է, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորն ասել է, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։

ՀՀԿ-ն ԱԺ-ում քվեարկեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու օգտին: ՀՀԿ-ականներն իրար հերթ չէին տալիս գեներալին դատապարտելու հարցում, թեեւ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութի հրապարակումից առաջ փորձում էին պաշտպանել նրան:

Գեներալին հանձնելուց հետո ՀՀԿ-ականները սկսել են արդեն ուրացումը: Գագիկ Մելիքյանը, այլ ՀՀԿ-ականներ փորձում են համոզել, որ Մանվելը կապ չի ունեցել ՀՀԿ-ի հետ, որ նրա արարքների համար կուսակցությունը պատասխանատու չէ: Իսկ Գալուստ Սահակյանն ավելի «փիլիսոփայորեն» է մոտեցել հարցին, ասելով, որ գեներալի արածը հարված է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ Հայաստանին:

ՀՀԿ-ին բնորոշ «ոհմակային» մոտեցում է, ուրիշ ոչինչ: Եզն ընկել է, ժամանակն է «թռնել» նրանից, թեեւ նրա «պատերազմի փառքը» ՀՀԿ-ն օգտագործում էր լիուլի:

Մանվել Գրիգորյանի ուրացումը քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ է ընդամենը: Հիմա նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդկանց է պարզ, որ Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում «ներսում» պատահական ու թաքուն բաներ չէին կատարվում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն արդեն իսկ խոստովանել է, որ գիտեր կուտակված զենքի մասին: Ո՞ւմ դեմ պետք է կիրառվեր այդ զենքը՝ դա էլ է բոլորին պարզ:

ՀՀԿ-ականների ուրացումը հասկանալի է՝ այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունը օրենքից դուրս դնելու եւ արգելելու համար:

ՀՀԿ-ն կարող էր գնալ այլ, քաղաքական ուժի ճանապարհով՝ ստանձներ պատասխանատվությունը եւ հանձնվեր հանրության ողորմածությանը: Բայց ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ եւ չի կարող լինել, քանի որ իր քաղաքական ու տնտեսական դիրքերին հասել է այդ թվում Մանվել Գրիգորյանի բերած քվեների շնորհիվ: Եվ նրանք, ովքեր Մանվելին փորձում են «օտարել» ՀՀԿ-ից, մեղմ ասած երեսպաշտներ են:

522