Անկարան ու Բաքուն չեն թողել այլընտրանք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Թբիլիսի

-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեին: Դրանում խոսելով հայ-վրացական պատմական եւ քաղաքական կարեւոր ու ամուր հարաբերության մասին, Նիկոլ Փաշինյանը հիշատակել է նաեւ շաբաթներ առաջ իր այցը Վրաստան եւ արդյունավետ քննարկումը Վրաստանի իշխանության հետ, միաժամանակ նոր վարչապետին հրավիրելով Հայաստան:

Կընդունի՞ Մամուկա Բախտաձեն Նիկոլ Փաշինյանի հրավերը: Իհարկե կասկած չկա, որ Վրաստանի նոր վարչապետը կայցելի Հայաստան: Այդ տեսանկյունից հարցն ավելի հետաքրքիր է, թե արդյո՞ք նա արագ կընդունի հրավերը եւ իր պաշտոնավարման ընթացքում առաջին արտերկրյա այցը կկատարի Հայաստան: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության պաշտոնական առաջին այցը կատարեց Վրաստան: Ի դեպ նաեւ այնպես, ինչպես Վրաստանում պատմական եւ հիմնարար շրջադարձից՝ Վարդերի հեղափոխությունից հետո նախագահ դարձած Միխայիլ Սահակաշվիլին առաջին պաշտոնական այցը դարձյալ կատարեց Հայաստան:

Հայաստանն ու Վրաստանը պարզապես հարեւան պետություններ չեն, ու առանձնահատկությունը նաեւ այն չէ, որ Վրաստանը Հայաստանի համար ցամաքային ճանապարհ է Եվրոպա եւ Ռուսաստան՝ բացառիկ ճանապարհ: Խնդիրը այդ հարթության վրա դիտարկելը կնշանակի նեղացնել եւ նույնիսկ անլրջացնել, քանի որ Հայաստանն ու Վրաստանը կապված են պարզապես կենսատարածքային անվտանգության խնդիրներով ու շահերով:

Եթե Հայաստանն ունենար մի քանի այլ ճանապարհ, Հայաստանի ու Վրաստանի փոխադարձ կարեւորությունն ու անհրաժեշտությունը դրանից դույզն իսկ չէր նվազելու:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր հակասություն է ստացվում, երբ դիտարկվում են երկու երկրների տարբեր ինտեգրացիոն ուղղվածությունները՝ Վրաստանը` եվրատլանտյան, Հայաստանը՝ եվրասիական:

Անկասկած այդ հանգամանքը պարունակում է մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ: Մյուս կողմից սակայն, դարձյալ խորքային առումով այստեղ խնդիրների եւ հնարավորությունների հարաբերակցության մեջ խնդիրների գերակայությունը միարժեք չէ: Ինտեգրացիոն տարբեր հայացքները իրականում կարող են լինել երկկողմ ռազմավարական հավելյալ հնարավորություններ եւ այստեղ ամեն ինչ կախված է այն բանից, թե Հայաստանն ու Վրաստանն իբրեւ պետություն որքան ինքնիշխան ու որակապես կենսունակ կլինեն կառավարման էֆեկտիվության տեսանկյունից:

Այդ դեպքում ինտեգրացիոն տարբեր ուղղություններում ներկայացվածությունը կտա դրանց ռեգիոնալ համադրման հնարավորություն՝ հայ-վրացական հարաբերության ուժով: Իսկ դա կարեւոր է, որովհետեւ Կովկասը խոշոր հաշվով կանգնած է անվտանգության երկու առանցքի դիլեմայի առաջ՝ կամ կձեւավորվի հայ-վրացական հարաբերության վրա խարսխված առանցք, իհարկե ավելի լայն՝ եվրատլանտյան ու ռուսական համադրմամբ, կամ ռեգիոնալ անվտանգության առանցքն ի վերջո կհաստատվի թուրք-ադրբեջանական տանդեմով:

Այս դեպքում, խնդիրը միայն Հայաստանինը չէ, որովհետեւ, եթե Հայաստանը կանգնած է այդ տանդեմի այսպես ասած ֆիզիկական ուժի դեմ դիմաց, ապա Վրաստանի պարագայում տարբերությունն այն է, որ Թբիլիսին թուրք-ադրբեջանական տանդեմի փափուկ ուժի դիմաց է, որի սակայն փափուկ դիմադրության ռեսուրս չունի, եթե չձեւավորվի հայ-վրացական առանցքով անվտանգության ռեգիոնալ նոր իրողություն:

Ըստ այդմ, Մամուկա Բախտաձեի դեպքում առաջին պաշտոնական այցը Հայաստան կատարելը կլինի թերեւս իրավիճակի եւ ռազմավարական խնդիրների միանգամայն ճշգրիտ եւ ողջախոհ գնահատում, քաղաքական խորհրդանշականության ուղերձով:

933