Առաջին անունը տրվեց. Ռոբերտ Քոչարյանի զգուշացումը

-ը գրում է.

Ես կապ չունեմ թե զենքի, թե տարածքի հետ, որտեղից հայտնաբերվել է զենքը: Նախօրեին այդպիսի հայտարարություն էր արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կապված նրան փաստացի պատկանող տարածքից զենք զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ ԱԱԾ տեղեկության հետ: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր նաեւ, թե կասկած կա, որ այդ զենքը օգտագործվել է 2008 թվականի Մարտի 1-ին, ինչ որ մեկի թիկնապահների ձեռքով:

Տարօրինակ կլիներ իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը ասեր, թե կապ ունի զենքի հետ եւ այն կիրառել են իր թիկնապահները: Աբրահամյանը դրսեւորում է շատ բնական ռեակցիա, ասում է, որ ոչ մի կապ չունի, ոչինչ չի տեսել, չի լսել, չգիտե:

Մեծ հավանականությամբ դա է լինելու Մարտի 1-ի համար քաղաքական պատասխանատվություն ունեցող իշխանության որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի արձագանքը կամ պատասխանը իրավապահներին: Բոլորին այդ օրինակը տվել է Ռոբերտ Քոչարյանը, որը առաջինն է ասել, որ տեղյակ չի եղել ոչնչից եւ չգիտե, թե ով է կրակել՝ ինքը չի տվել այդպիսի հրաման: Դե, եթե Քոչարյանի իշխանության «միակ տղամարդն» է դրսեւորում այդպիսի պաշտպանական մարտավարություն, ինչպե՞ս կարող են այդ իշխանության ժամանակ նրա ենթակաները ունենալ այլ մարտավարության համարձակություն եւ ստանձնել ինչ որ բանի համար պատասխանատվություն:

Պետք չէ զարմանալ նույնիսկ, եթե հանկարծ նրանք ներկայացնեն տեղեկանքներ, որ 2008 թվականի մարտի 1-ին ընդհանրապես բացակայել են քաղաքից, Հայաստանից ընդհանրապես:

Իրավապահների խնդիրն է ապացուցել, որ նրանք կեղծում են կամ ստում, ասելով, թե կապ չունեն ոչնչի հետ: Ինչ խոսք, դա բավական բարդ ու ժամանակատար գործ է, հետեւաբար սխալ կլինի իրավապահներից ակնկալել, որ ապացուցեն այսօր եւ հիմա:

Այդուհանդերձ, հետաքրքիր կլինի դիտարկել վարկած, որ Մարտի 1-ին բուրգը այսպես ասած այդքան էլ սահուն եւ համադրված չի գործել: Հնարավո՞ր է այդպիսի բան: Ընդ որում, դա ամենեւին չի նշանակի որեւէ մեկի արդարացում, բայց անշուշտ կարեւոր է այդ օրն իշխանության գործողություններն ամբողջությամբ բացահայտելը, ոչ թե որեւէ անմեղ պաշտոնյայի չպատժելու համար, այլ որպեսզի հանրության համար չմնա փակ հարց եւ հնարավոր լինի ամբողջապես փակել Մարտի 1-ի էջը, որպեսզի հետո որեւէ մեկը չփորձի այն խաղարկել տարբեր առիթներով:

Բանն այն է, որ 2008 թվականի Մարտի 1-ին Հայաստանի իշխանությունն արդեն ինքնին բարդ վիճակում էր, մոտ երկու տարի: Այդ իշխանության ներքին ստատուս-քվոն ու տրամաբանությունն էապես խառնվեց Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահից հետո, հատկապես հաշվի առնելով այն, որ 2007-ի խորհրդարանի ընտրություններից առաջ հայկական մամուլում աշխուժորեն քննարկվում էր Մարգարյանի առաջ եղած դիլեման՝ կանգնել իշխանության հետագա վերադասավորման քոչարյանակա՞ն, թե՞ սարգսյանական պլանների կողքին, աջակցել Քոչարյանի՞, թե Սարգսյանի պլաններին, կամ այլ կերպ ասած ում տրամադրության տակ դնել ՀՀԿ-ն:

Անդրանիկ Մարգարյանն այդ իմաստով կատարում էր ներիշխանական բալանսի դեր, որը փաստորեն կտրուկ դադարեց գոյություն ունենալ նրա հանկարծամահ լինելուց հետո:

Այդ՝ այն էլ անհասկանալի է, թե ում օգտին խախտված բալանսի պայմաններում էլ իշխանությունը ացկացրեց 2007-ի ընտրությունը, եւ չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էր նաեւ, որ վճռորոշ եղավ նախագահի ընտրությանը մասնակցելու Տեր-Պետրոսյանի ներքին որոշման համար: Տեր-Պետրոսյանը թերեւս համարեց, որ խախտված բալանսով իշխանական համակարգը գտնվում է առավելագույն թույլ կամ խոցելի վիճակում եւ հնարավոր է այն ճեղքել:

Եվ որքան էլ համակարգը ինքնապահպանման բնազդով միավորվել էր Տեր-Պետրոսյանի թեկնածության դեմ, այդուհանդերձ փետրվարյան տասնօրյակն արդեն ստեղծել էր լրիվ նոր իրավիճակ, երբ բնազդն արդեն մոտիվացնում էր մտածել ոչ միայն միավորվելու, այլ նաեւ «նավը առաջինը լքելու» ուղղությամբ: Ահա այդ իրավիճակում արդեն միանգամայն հավանական էին գործողություններ, ընդհուպ Մարտի 1-ին, որոնք բացի խաղաղ ցուցարարների դեմ լինելուց, կարող էին ըստ էության լինել նաեւ իշխանության այս կամ այն թեւի քայլը մյուսի դեմ:

Եվ այստեղ է նաեւ պաշտպանական մարտավարության հակասականությունը, երբ Ռոբերտ Քոչարյանն օրինակ միանգամից հայտարարեց, թե ոչ մի բան չգիտե եւ կապ չունի, բայց միեւնույն ժամանակ նույն բացառիկ հարցազրույցում իր իշխանության ներկայացուցիչներին ակնարկեց եւ փաստացի զգուշացրեց, որ ամեն ինչ գիտե, չի գնա մենակ եւ կտա անուններ: Իսկ ո՞վ է տվել Հովիկ Աբրահամյանի անունը, տարածքի, զենքի, դրա օգտագործման մասով: Թեեւ ՀՔԾ պետն ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել որեւէ քննչական գործողության:

Այդ ամենը՝ տասը տարի առաջ ներիշխանական անհավասարակշիռ իրավիճակը, Մարտի 1-ի համար որեւէ մեկի հանցանքը թեթեւացնող հանգամանք չէ, պարզապես որեւէ հանցագործության լիարժեք եւ ամբողջական բացահայտման կարեւոր գրավական է գործողության մոտիվների ամբողջականությանը հասնելը:

5466


Այս թեմայով Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ են արձակվել Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ին Ռոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր Սողոմոնյան Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»