Նիկոլ Փաշինյանը փակեց հարցը. Դավիթը ճիշտ էր, ես էլ չսխալվեցի

-ը գրում է.

Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել, ասելով դա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այդ խոսքը վերաբերում է պաշտպանության նախարարի հարցազրույցին, որ տվել էր ռուսալեզու Եվրասիա դեյլի պարբերականին: Դավիթ Տոնոյանը ասել էր, որ ապրիլյան պատերազմից արվել է խորը հետեւություն, եւ Ադրբեջանը պետք է իմանա, որ հաջորդ այդպիսի սադրանքի դեպքում հայկական կողմն այլեւս չի դիմադրի մասշտաբային հակահարվածի գայթակղությանը եւ Ադրբեջանին կզրկի հարվածի տեղը, ժամն ու օրը որոշելու «մենաշնորհից»:

«Դավիթ Տոնոյանը ճիշտ է արել» արտահայտությունը, որ անում է վարչապետը, իր խորքում թերեւս պարունակում է ավելի նուրբ շերտեր, քան զուտ Ադրբեջանին հասցված զգուշացումն է: Ի վերջո, այստեղ պարզապես չէր կարող լինել ճիշտ կամ սխալ անելու հարց:

Իսկ տողատակում թերեւս այլ բան է, մասնավորապես Գյումրիում ռուսական ռազմակայանի միջադեպը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա սադրանք է Հայաստանի ինքնիշխանության ու հայ-ռուսական հարաբերության դեմ:

Հետո դեպքի վայր մեկնեց պաշտպանության նախարարը եւ այնտեղ արդեն զուտ գերատեսչական պատասխանատվության դաշտում հայտարարեց, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում, աշխատանքի թերկազմակերպում, որտեղ կա թե ռազմակայանի, թե նաեւ Հայաստանի պետական որոշ կառույցների հետ կապված խնդիր:

Այդ հանգամանքը տվեց վարչապետի դեմ քարոզչական գրոհի առիթ, այն իմաստով, որ նա սադրանքի մասին արել է զգայական, չհիմնավորված հայտարարություն, ինչը հետո ավելի հանգամանալից եւ այսպես ասած «մասնագիտական» տիրույթում մեղմել ու հարթել է պաշտպանության նախարարը:

Այդ արձագանքի տողատակում նկատելի էր վարչապետ-պաշտպանության նախարար որոշակի հակադրության սաղմնավորման փորձը, օգտագործելով առիթը: Հետո արդեն ինտրիգն այսպես ասած ծավալելու եւ զարգացնելու խնդիրը տեխնիկայի հարց էր:

Նիկոլ Փաշինյանը գործնականում փակում է այդ հարցը, իհարկե այլ առիթով, բայց հայտարարելով, որ Դավիթ Տոնոյանը ճիշտ է արել եւ այդպիսով ցույց տալով վարչապետ-նախարար փոխադարձ վստահության բարձր աստիճանը: Ընդ որում, այս դեպքում առանցքայինն այն չէ հենց, որ Փաշինյանը հավանություն է տալիս նախարարի հայտարարությանը, այլ առանցքայինը հենց ձեւակերպումն է՝ «Դավիթ Տոնոյանը ճիշտ է արել»:

Խնդիրն այն է, որ Փանիկում Տոնոյանը ոչ թե մաքրում էր Նիկոլ Փաշինյանի անհաջող հայտարարությունը, այլ հակառակը՝ քաղաքական բավական հստակ գնահատականից հետո Տոնոյանն արդեն այդ հստակ միջավայրում աշխատում էր կոնկրետ խնդիրը հասկանալու ուղղությամբ, թիկունքում ունենալով վարչապետի քաղաքական գնահատականը եւ ըստ այդմ լինելով առավել ամուր:

Որովհետեւ խնդիրն ի վերջո Փանիկի միջադեպը չէ, այլ ռազմակայանի շուրջ ռազմա-քաղաքական միջավայրն ու դրա համար թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքական պատասխանատվությունը: Փանիկի միջադեպն իրենով ոչինչ է, բայց որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ հաջորդ միջադեպը չի կարող լինել առավել լուրջ ու ծանր: Ըստ այդմ բուն խնդիրը ամենեւին Փանիկը չէ, եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականը հենց դա էր: Ընդ որում, գնահատական, որն ակնհայտորեն արժանացել է Կրեմլի ըմբռնմանը, քանի որ պաշտոնական մակարդակով չի եղել որեւէ հայտարարություն, որը դույզն ինչ կակնարկեր Փաշինյանի հայտարարության կապակցությամբ Կրեմլի դժգոհության մասին:

Իսկ հարակից դժգոհողներ, այդ թվում ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներից, որոնք տարիներով «տուն են պահել» հայ-ռուսական խնդիրները լռության մատնելու եւ այդպիսով հայ-ռուսական հարաբերությունը փաստացի ականապատելու հաշվին, եղան բավականաչափ: Որովհետեւ եթե Երեւանն ու Մոսկվան ամենաբարձր մակարդակով դնեն խնդիրներն ու զբաղվեն դրանցով, ապա այդ իրողությունն ավելորդ կդարձնի միջին մակարդակում տարաբնույթ տրանսլյատորների մի ամբողջ դաշտի գոյությունը: Նրանց կռիվը սեփական գոյության, ոչ թե հայ-ռուսական հարաբերության համար է:

1075


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)